
«Հայաստանում 2-րդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չկա». Վաղարշակ Հարությունյանը` «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Հայաստանում երկրորդ ռուսական ռազմաբազա տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի հավելյալ զորամիավորման տեղակայմանը, կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունն առանձնապես չկա: Բացի այդ, կարգավորող իրավական դաշտը, որը ներկա պահին առկա է մեր պետությունների միջև, կարգավորում է միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը»,- ասել է Հարությունյանը:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականին ձեռք բերված միջազգային պայմանագրի համաձայն: 2010 թվականին փոփոխություններ են սահմանվել փաստաթղթում, որի համաձայն՝ ռազմաբազայի տեղակայման ժամկետը նախնական 25 տարուց երկարաձգվել է 49-ի՝ մինչև 2044 թվականը: