Կարեն Բեքարյանն ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան նստավայր) մերժեց «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն փետրվարի 19-ին խուզարկություն էր իրականացրել Կարեն Բեքարյանի տանը, առգրավվել էին, ինչպես Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանն էր հայտնել լրատվամիջոցներին, բոլոր հնարավոր էլեկտրական սարքերը, ապա ԱԱԾ դիմակավորված ծառայողները նրան բերման էին ենթարկել։ 

Կարեն Բեքարյանին բերման ենթարկելու ժամանակ նրա պաշտպանը նաև տեղեկացրել էր, որ խուզարկությունն իրականացվել է ԱԱԾ-ում քննվող մի քրեական գործի շրջանակներում, որն առնչվում է պատերազմի օրերին կեղծ էջերով կատարված հրապարակումներին:

Փետրվարի 19-ին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Կարեն Բեքարյանին ձերբակալելու որոշում էր կայացրել, ինչից հետո Բեքարյանի պաշտպանը բողոք էր ներկայացրել դատարան՝ ԱԱԾ որոշման դեմ:

Փետրվարի 20-ին ԱԱԾ տարածած հաղորդագրությունից պարզ դարձավ, որ խոսքը ֆեյսբուքյան Gagik Soghomonyan օգտատիրոջ ու դրա գրառումների մասին է, որում, ըստ ԱԱԾ-ի, Կարեն Բեքարյանից բացի՝ կասկածվում է ԱԺ նախկին աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը:

Հիշեցնենք նաև, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Կարեն Բեքարյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչերի, տարբեր շերտերի նկատմամբ թշնամանք հարուցելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտման համար:

 

Տեսանյութեր

Լրահոս