«Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, քանի որ հայկական արտադրանքը չեն հասցրել ժամանակին բերել ցուցահանդեսին․ տաղավարում դրված է եղել միայն մի քանի բուկլետ»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում 800-1000 բնակիչ ունեցող 4 գյուղի տարեկան բյուջեն միասին կազմում է մոտ 200 հազար ԱՄՆ դոլար։
Հենց այսքան գումար է վճարել ՀՀ տգետների կառավարությունը, որ փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնի իր ռազմաարդյունաբերությունը (այս գումարը ներառում է միայն բուն տաղավարի վարձակալությունը, այլ ոչ թե բոլոր մնացած ծախսերը)։

Սակայն, ցավոք, այդ փողը ծախսվել է անիմաստ։

Իմ գերհավաստի աղբյուրները պնդում են, որ Հայաստանի տաղավարը դատարկ է եղել, քանի որ հայկական արտադրանքը չեն հասցրել ժամանակին բերել ցուցահանդեսին։ Դրա փոխարեն տաղավարում դրված է եղել միայն մի քանի բուկլետ (!), իսկ էկրանին ցուցադրվել է մի քանի հոլովակ։ Այլ բառերով՝ հայաստանյան տաղավարին նույնիսկ մոտենալու իմաստ չի եղել։

Այս լուրն այդքան ցավալի չէր լինի, եթե չլիներ հետևյալ հանգամանքը։ Էմիրություններում անցկացվող IDEX միջազգային ցուցահանդեսը ռազմական, անվտանգային ու պաշտպանական ոլորտների աշխարհի գլխավոր հարթակներից է, որտեղ կնքվում են ոչ միայն ռազմարդյունաբերությանը վերաբերող միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրեր, այլև լուծվում են քաղաքական լրջագույն հարցեր։

Հայաստանը, որը պետք է կապիտուլյացիայից հետո այժմ գերլարված աշխատեր սեփական անվտանգությունն ապահովելու համար նոր ուղիներ փնտրելով, ցավոք, կորցնում է հերթական հնարավորությունը՝ ծախսելով դրա վրա ՀՀ բյուջեի սուղ միջոցները։ Եվ հետն էլ դա անում է մի տարածաշրջանում, որտեղ մենք ամենամեծ շանսերն ունենք ներդրումներ ներգրավելու ռազմարդյունաբերության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս