Վտանգավո՞ր են արդյոք պատվաստանյութերը մարդու համար

Մի կողմից տարածվում է քովիդ 19 հիվանդությունը, մի կողմից պատվաստումների են ենթարկվում մարդիկ, մեկ այլ կողմից էլ տարածվում են բացասական լուրեր այդ պատվաստումների մասին, մտավախություն ու վախ. գրում է «Ամերիկայի ձայնը»:

Աշխարհում արդեն ավելի քան 100 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: 2 միլիոն մարդ էլ զոհ է գնացել այս հիվանդությանը: Սակայն հակառակ հիվանդության հետ կապված այս մտահոգիչ թվերին, մարդկանց մի շերտ ավելի շատ մտահոգված է պատվաստանյութերի հարցով:

Մի մասն ասում է, թե չի հավատում պաշտոնական լրատվությանը: Մի մասն էլ ասում է, թե չի պատկերացնում ինչպես է պատվաստանյութն ամրապնդելու իր իմունային համակարգը: Կա մարդկանց մի ավելի զարմանալի շերտ, որոնք ասում են, թե ինչու իրենք պիտի ենթարկվեն պատվաստման, եթե իրենք այդ հիվանդությամբ չեն վարակվելու: Այս վերջինները պարզապես չեն հանդիպել այն անձանց, որոնք մտածում էին իրենց նման ու հիմա տառապում են հիվանդանոցներում, կամ էլ արդեն հեռացել են կյանքից:

Մարդկանց մի հատվածն էլ կարծում է, որ հենց պատվաստանյութը կարող է իրենց վարակել կորոնավիրուսով: Գիտնականները փորձում են նրանց բացատրել, որ պատվաստանյութը ստացվում է մեռած կամ լիովին թուլացած վիրուսից ու չկա այս հարցում մտահոգվելու կարիք:

Քլիվլենդի կլինիկայից Թոսին Գոջեն ասում է, այս պատվաստանյութի արտադրության տեխնոլոգիան նորություն չէ: «Այս նույն տեխնոլոգիայով են արտադրվել նաեւ այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերը»,– ասում է նա:

Առողջապահութան համաշխարհային կազմակերպության ինտերնետային էջում կան բոլոր այս հարցերի պատասխանները: Գլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե ովքեր են հատկապես վարակվում կորոնավիրուսով: Պատասխանն է. «Բոլորը կարող են վարակվել»:

Կա՞ արդյոք սննդամթերք, որը կարող է կասեցնել վիրուսի տարածումը, ասենք սխտորը: Պատասխանն է. ‘’Այդ մասին փաստեր չկան’’:

Մյուս ամենամտահոգիչ խնդիրը շատերի համար. «Իսկ արդյո՞ք այս պատվաստանյութերը չեն փոխում իրենց ժառանգականության կոդը»:

Կան մարդիկ, ովքեր լուրեր են տարածում, իբր այն ոչնչացնում է մարդու ԴՆԹ-ը ու մարդը վերածվում է կիսամարդու, քանի որ նրանց մեջ տեղադրում են նանո-մասնիկներ:

«Ոչ»,– ասում են մասնագետները։

«Պատվաստանյութը չի փոխի ձեր ԴՆԹ-ը: Այն չի փոխի ձեզ որպես մարդկային էակ»,– ասում են նրանք:

Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է տեղեկացնում, հարկավոր է անցկացնել զանգվածային կրթական միջոցառումներ, հատկապես ավելի կասկածամիտ եւ մինչեւ ըմբռնելը, ավելի երկար ժամանակ պահանջող անձանց համար:

Տեսանյութեր

Լրահոս