«Սրանք 400 միլիոնը 2 % դրել են բանկում, որն էլ 12 % այդ փողը տվել է ժողովրդին». Գագիկ Ծառուկյան
«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում:
Ելույթով հանդես եկավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Բոլորդ կհիշեք՝ 2020թ. հունիսի 5-ին ես ասացի՝ ժողովուրդ ջան, մենք անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, այս անփորձ երիտասարդներն ի վիճակի չեն, արդեն 2.5 տարի ոչ մի բան չեն արել, և եթե հրաժարական չտան՝ մենք Արցախը կորցնելու ենք, ունենք 3-4 ամիս ժամանակ, ու սեպտեմբերին արդեն պատերազմը սկսվել է: Եթե խելք ունենային, լսեին, բանակցեին, պատերազմ չէր լինի, այդքան զոհեր չէին լինի, ժողովուրդ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը նշեց՝ տնտեսական ճգնաժամ է, աշխատանք չկա, փող չկա, մարդ չի կարողանում երեխային կերակրել, գազը, լույսը վճարել, ո՞նց անի:
«Պետք է խնդիրները կարգավորվեն, թոշակները բարձրացվեն, չեմ ասում՝ մարդը բարեկեցիկ ապրի, գոնե գոյատևի: Պետությունը որոշ վարկեր պետք է սառեցնի: Պետք է նրանք մեկ վայրկյան շուտ հրաժարական տան, դա է մեր ազգի փրկությունը, որ ձևավորվի նոր կառավարություն: Քանի որ ցնցումներ կան երկրում, ոչ մի զարգացում չի լինի: Փրկությունը վայրկյան շուտ իրենց հրաժարական տալն է: Բյուջեում անցած տարի 400 միլիոն կար կուտակված, փոխանակ աշխատատեղ ստեղծեին, սրանք 400 միլիոնը 2 %-ով դրել են Կենտրոնական բանկում, որն էլ 12 % այդ փողը տվել է ժողովրդին, այնինչ պետք է 20 գործարան կառուցեին, մի 8000 մարդ աշխատեր»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: