Ցանկացած պահ, լինի այսօր թե մի շաբաթ, 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժումն» այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում:

Ելույթ ունեցավ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ասելով. «33 տարի առաջ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, և սկսվեց ղարաբաղյան շարժումը: Ցեղասպանությունից հետո մնացած միակ կղզին, որը բնակեցված էր բնիկ իր ժողովրդով՝ հայերով, դիմեց Հայաստանին, որ ուզում է վերամիավորվել: Դա Արցախն էր: Ինքը դիմեց մեզ՝ Մա՛յր Հայաստան, խնդրում եմ, ուզում եմ ձեզ հետ լինել, ու մեր ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց: Երկար ճանապարհ անցանք դրանից հետո: Ղարաբաղյան շարժման հենց ամենասկզբից դրվեցին ուրիշ խնդիրներ:

Մենք մեզ շատ հզոր էինք զգում: Դրեցինք խնդիր՝ ստեղծել անկախ պետություն, որ հիմնված լինի ազգային գաղափարների վրա, լինի արդարություն, բարգավաճում՝ ամբողջ ժողովրդի, ոչ թե մի խումբ մարդկանց համար, պաշտպանվածություն և դերակատարություն աշխարհում և այս տարածաշրջանում: Եվ մենք գնացինք առաջ: Ո՞րն էր մեր պայքարի ձևը: ԽՍՀՄ-ում առաջին անգամ հայտարարեցինք համազգային գործադուլ, ամեն օր տեղի էին ունենում հանրահավաքներ, պարալիզացնում էինք քաղաքը:

Բանակցում էինք ԽՍՀՄ և Հայաստանի ղեկավարության հետ: Երկարատև ճանապարհ անցանք, և Հայաստանում ձևավորվեց երկիշխանություն: Կար Խորհրդային Միության և Ղարաբաղ կոմիտեի իշխանությունը: Այդ ճանապարհը բերեց մեզ արդյունքի: Իսկապես կարողացանք ազատագրել Արցախը, կարճ ժամանակում ստեղծեցինք հզոր, մարտունակ բանակ, պարտադրված պատերազմում հաղթեցինք, մեծ ռազմական հաջողությունների հասանք, ունեցանք անկախ պետություն, որտեղ կային ազատության և ազգայինի սաղմեր, դա  մեզ բավարար չէր, և պատահական չէ, որ Ղարաբաղ կոմիտեն՝ բաղկացած 11 հոգուց՝ կիսվեց: Մի մասը մնաց իշխանության, մյուս մասը դուրս եկավ և սկսեց պայքարել իշխանության դեմ, ու պայքարել, որպեսզի իրականացնի այն խնդիրները, որ մեր առջև դրել էինք, այն է՝ չլինի հովանավորչություն, կոռուպցիա»:

Շարունակելով խոսքը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ փոխվեցին նախագահները, բայց այդ պայքարը շարունակվեց:

«Երբ 2018թ. առաջացավ մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք այդ բանը կանենք, արդար պետություն կկառուցենք, որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց, որ դա հենց այն է, ինչի համար պայքարում էինք: Ո՛չ: Ասում են՝ մեզ խաբեցին, չէ, իրենք մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև, եթե կարդայիք, թե այդ մարդիկ ինչ էին գրում և ինչ էին ասում նախորդ տարիներին, երբեք այդ ճանապարհով չէիք գնա: Եվ ի՞նչ ունենք մենք հիմա՝ 2.5-3 տարուց հետո. ողբերգություն: Մենք կորցրեցինք գրեթե ամեն ինչ: Պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան: Պետությունն անկախ չէ: Մեր անվտանգությունը հիմա ապահովում է Ռուսաստանը, այսինքն, այդ իմաստով դառնում ենք Ռուսաստանից լրիվ կախյալ: Փորձեցին ազգայինը դուրս շպրտել մեր ժողովրդի միջից: Ազատության մասի՞ն եք խոսում, ի՞նչ ազատություն, սա կամաց-կամաց դառնում է ոստիկանական պետություն: Փակում են թղթակիցների բերանը, ձերբակալում են  ամենաազնիվ, մաքուր, երկրին նվիրված մարդկանց»,- նշեց ընդդիմության վարչապետի թեկնածուն:

Վազգեն Մանուկյանը նկատեց.

«Մենք ուժեղ ենք և կկարողանանք այս վիճակից դուրս գալ, որի համար կա նախապայման. այս վարչակազմը պետք է դուրս շպրտվի: Դրանից հետո կսկսվեն այն իրական քայլերը, որոնք որ պետք է կատարվեն: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք այն ամենը, ինչ կորցել ենք, այլև դրա վրա պետք է կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք: Պետք է արագորեն վերակառուցել բանակը: Մեր անվտանգությունը պետք է ապահովեն ոչ թե ռուսական, այլ հայկական զորքերը: Ուշ թե շուտ, նորմալ պետություն կառուցելուց հետո, հարաբերություններ կունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ թե ստրկական, այլ մեր թելադրած պայմաններով: Դրա համար, այն պետությունները, որոնք պայքարում են թուրքական ագրեսիայի դեմ՝ մեր դաշնակիցներն են»:

Ընդդիմության վարչապետի թեկնածուն այնուհետև խոսեց ներկայիս իշխանությունից ազատվելու մասին՝ ասելով.

«Ես առաջարկում եմ պլան «Ա» և պլան «Բ»: Առաջինն այն է՝ ինչ ցույց էլ որ անենք, 100.000 մարդ էլ հավաքենք՝ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը չի թողնելու, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որն ունի:  Առաջին հենարանը մեր հայրենակիցների այն հատվածն է, որը չի գիտակցում, թե այս պետությունն ինչ ճանապարհով է գնում, և սպասում է՝ մինչև դժբախտությունը գա, չոքի իր տան դիմաց: Երկրորդ հենարանը ուժային կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնք համոզում են իրեն, որ կատարում են պետական պարտավորություն՝ առանց գիտակցելու, որ ծառայելով այս իշխանությանը՝ ծառայում են թուրք-ադրբեջանական ծրագրին:

Մենք պետք է կոշտ լինենք իրենց հետ, համոզենք և միշտ թողնենք նահանջի ճանապարհ: Երրորդ ուժն այն պատգամավորներն են, որոնք հենարան են ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին:

Նրանց հետ էլ պետք է լինել կոշտ, համոզիչ ու թողնել նահանջի ճանապարհ: Կա նաև պլան «Բ». ցանկացած պահ, լինի այսօր թե մի շաբաթ, 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով՝ վերցնել իշխանությունը: Մենք գնալու ենք «Ա» ճանապարհով՝ միշտ պատրաստ լինելով «Բ»-ին»:

Տեսանյութեր

Լրահոս