«Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված բազմաթիվ փաստերն ինձ համար արժանահավատ են». Արթուր Վանեցյան

«Այսօր հարց է դրված մեր երկիրը փրկելու. Սա վերկուսակցական պայքար է, հասկանո՞ւմ եք, սա պայքար չէ հանուն կուսակցության ինչ-որ ձայներ հավաքելու, քաղաքական դիվիդենտներ հավաքելու, ո՛չ, սա պայքար է հանուն Հայաստանի Հանրապետության, սա պայքար է հանուն հայ ժողովրդի ապագայի:

Սա հենց այնպես խոսքեր չեն. եթե մարդիկ դա գիտակցեն և հասկանան, ամեն ինչ ընկնելու է տեղը.  իսկ մարդիկ արդեն հասկանում են:  Ես նորից եմ ասում՝ էկրանների այն կողմում նստած մարդիկ, որոնք հիմա նայում են մեզ, նրանց մեջ հարյուր տոկոսանոց կոնսենսուս կա, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չպետք է ղեկավարի այս երկիրը, որ Նիկոլ Փաշինյանը և գործող կառավարությունը՝ մնալով իշխանության ղեկին, վտանգում են մեր երկրի ապագան, բայց ի՞նչ է ստացվում՝ նայում են հեռուստացույցով, արտահայտում են իրենց դժգոհությունը, բայց չեն դուրս գալիս փողոց: Ի՞նչ պետք է անենք՝ պետք է մարդկանց բացատրենք, որ սա քաղաքական պայքար չէ. այստեղ կապ չունի՝ ով ում կողքն է կանգնած, էստեղ կանգնած ենք մի նպատակի համար, այդ նպատակը կոչվում է Հայաստանի Հանրապետության ապագա»,- Սարյան պուրակում հավաքված քաղաքացիների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

Զանգեզուրցի քաղաքացու հորդորին, թե կոնկրետ հարցեր պետք է լուծվեն, Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ միասին պետք է լուծեն այդ հարցերը:

Ի պատասխան Արթուր Վանեցյանի մտահոգությանը, թե այսօր Սյունիքը վտանգված է, քաղաքացին շարունակեց. «Երեկ գալիս եմ Շուռնուխի միջով: Մինչև էնտեղ հասնելը, մեզ կանգնեցնում են Հայաստանի Անվտանգության ծառայությունները,  կանգնեցնում են և խուզարկում են: Ասեցի՝ ինչ է եղել, ես էլ այսպես զինվորական ֆորմով եմ, բա՝ զենք ենք ման գալիս, ասեցի՝ լսի, ես թշնամու միջով եմ գնում, ես զենք չունենա՞մ թշնամուց պաշտպանվելու: Նախ՝ մեզ մոտ զենք չկա, դու տեսնում ես, ես զինվորական հագուստով եմ, դու ինձ ինչո՞ւ ես կանգնացրել:

Մտել ենք Շուռնուխ՝ հենց էն պավառոտի վրա, թուրքը կանգնած. մի 7-8 հոգի, կեսն էլ ներքևը՝ գյուղապետի հին տանը նստած՝ թուրքական դրոշը՝ մի կողմից, Ադրբեջանինն էլ՝ մյուս կողմից. թուրքական դրոշն իրավունք չունի լինելու ԱՊՀ տարածքում»:

«Հայրենիք» կուսակցության ղեկավարն արձագանքեց. «Բոլորս իրար հետ գնում ենք և պայքարում ենք մինչև վերջ, մինչև մեր երկիրը փրկենք այս չարիքից: Պայմանավորվեցի՞նք»:

Քաղաքացին պատասխանեց. «էս մորուքս չեմ թրաշելու, մինչև այդ հարցը չլուծվի»:

Սարյան պուրակից քաղաքացիները շարժվեցին Ազատության հրապարակ:

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե նշել են, որ այսօր վճռորոշ օր է լինելու, և հարցին, թե այս անգամ քաղաքացիները կարո՞ղ են հուսալ, որ քայլեր կլինեն, որով կկարողանան հասնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, կամ գոնե դրա խոստմանը, Արթուր Վանեցյանը նշեց, որ սխալ է հայտարարել վճռորոշ օր, ապա հավելեց՝ նման հայտարարություններ անողները և տարածողները խագարում են իրենց, որովհետև ձևակերպում են սպասում ժողովրդի մեջ, որ այսօր լուծվելու է այդ հարցը. «Այնինչ մենք տեսնում ենք, որ տրամաբանությունից դուրս են գործում այս իշխանությունները: Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո ցանկացած իշխանություն, ցանկացած երկրում, ցանկացած «նամուս», «թասիբ» ունեցող մարդ, ուղղակի ներողություն կխնդրեր, գլուխը կկախեր, կգնար, բայց այս մարդիկ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր վայրկյան փորձում են ավելի ու ավելի կառչել իրենց աթոռներից»:

ԱԱԾ նախկին տնօրենի գնահատականով՝ իշխանությունն այսօր որևէ հարց չի լուծում, դրա փոխարեն օգտագործում է իրավապահ համակարգը, որպեսզի լռեցնի իր ընդդիմադիրներին՝ «նկատի ունեմ Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի ձերբակալությունները: Գիտեք, կան ավելի ծանր հանցագործություններ, ավելի կարևոր հարցեր այսօր Հայաստանի անվտանգության հետ կապված, բայց այս մարդիկ Անվտանգության ծառայությունը (ես դա մեծ ցավով եմ ասում.  երևի թե հասկանում եք՝ ինչ անձնական զգացումներ ունեմ) նման նպատակի համար օգտագործելու համար:

Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանին ճանաչողները գիտեն, որ անհնարին է՝ նրանք նման գործողություն անեն. նրանք ունեն այնքան հնարավորություններ, այնքան համարձակություն, որ իրենց կարծիքներն արտահայտեն բաց, իրենց դեմքով, ինչը միշտ արել են: Ինչ միշտ արել են. չեն թաքնվել որևէ ֆեյքի հետևում: Ֆեյքերի հետևում թաքնվելը իշխանությունների գործելաոճն է:

Արա Սաղաթելյանին և Կարեն Բեքարյանին ես լավ ճանաչում եմ.  համոզված եմ, որ դա սուտ է, շինծու գործ է, և համոզված եմ՝ անպայման շատ արագ այս ամենը կբացահայատվի,  և մարդիկ ազատ կարձակվեն»:

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին՝ նա նկատեց. «Կարծում եմ, որ անպայման պետք է լինի հետագայում քննություն. ես չեմ հավատում, որ այս իշխանությունների օրոք հնարավոր է անցկացնել օբյեկտիվ քննություն, բայց այն փաստերը, որը ներկայացվել է Երրորդ  նախագահի կողմից, ինձ համար շատ արժանահավատ են, և որևէ, համենայն դեպս, արժանահավատ հերքում, մենք մինչ այս պահը, իշխանությունների կողմից չենք ստացել»:

«Այո՛,  Երրորդ նախագահի տրված հարցազրույցում կան բազմաթիվ փաստեր, որոնք արժանահավատ են ցանկացած գրագետ մարդու համար, և որևէ հերքում այս իշխանությունների կողմից չի եղել»,- նախագահի հարցազրույցին առնչվող այլ հարցերին ի պատասխան՝ վերահաստատեց Արթուր Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս