Ինչո՞ւ էին Նարեկ Մալյանին բերման ենթարկում քաղաքացիական հագուստով ոստիկաններ
Մոտ մեկ ու կես ժամ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանները բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին: Ոստիկանությունից մեզ հայտնել էին, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից՝ Ոստիկանությունում նախապատրաստվող նյութերի շրջանակում: Նաև ասել էին, որ այլ մանրամասների համար ավելի ուշ զանգահարենք: Զանգահարեցինք:
«Հրապարակման ենթակա նոր բան չունենք ասելու այս պահին: Նյութերի նախապատրաստման ընթացքում բերման է ենթարկվել, այլ բան չունենք ասելու»,- ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
Հարցին, թե ինչո՞ւ էին Ոստիկանության ծառայողները քաղաքացիական հագուստով, Գաբրիելյանը չպատասխանեց:
– Ավել բան չունենք ասելու:
– Չիմանա՞նք, թե ինչո՞ւ ոստիկանները ոստիկանական հազմազգեստով չէին:
– Ոստիկանները մոտեցել են, ներկայացել են և բերման են ենթարկել:
– Այսինքն՝ ցո՞ւյց են տվել ոստիկանության ծառայողի վկայականը:
– Ոստիկանության ծառայողները պատշաճ ներկայացել են:
Նշենք, որ մեր զանգից րոպեներ առաջ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Նիկոլաե Չաուշեսկուի գնդակահարության տարօրինակ գործով գտնվում ենք Երևան քաղաքի ոստիկանության վարչությունում»:
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին «ՎԵՏՕ» շարժման ֆեյսբուքյան էջում գրել էին, որ այսօր՝ փետրվարի 20-ին, հանրահավաքից մեկ ժամ առաջ պատրաստվում են ներկայացնել «Չաուշեսկուների գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ինտերակտիվ պերֆորմանս ներկայացում: