Բաժիններ՝

Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ:

«Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հայ ժողովրդի պատմության ամենակարևոր էջերից է։ Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման, քաղաքացիական իրավունքների և համամարդկային արժեքների, պատմական հայրենիքում ազատ ապրելու և արարելու։

Արցախահայության ժողովրդավարական, խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին և ստիպել նրան հրաժարվել իր իրավունքների իրացման հարցադրումից: Ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրական ացվեցին հայ բնակչության ցեղասպանություն, ջարդեր և զանգվածային տեղահանումներ։ Հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ավելի քան կես միլիոն հայ դարձավ փախստական։ Արցախի խաղաղ բնակչությունը նույնպես դարձավ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի թիրախ։

Արցախահայությունը, սակայն, միավորվեց և թիկունքում ունենալով աշխարհասփյուռ հայության աջակցությունը՝ կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։

Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքին բռնանալու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ուժի միջոցով լուծելու Ադրբեջանի իշխանությունների հերթական փորձն էր 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիան, որն ուղեկցվեց բազմաթիվ պատերազմական հանցագործություններով, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով և զգալի մարդկային կորուստներով։

Չնայած այդ արհավիրքներին, Արցախը կանգուն է։ Այս խորհրդանշական օրը մենք խոնարհվում ենք Հայրենիքի պաշտպանների և ազգի նվիրյալների առջև, ոգեկոչում մեր բոլոր մարտիրսների հիշատակը։

Կեցցե՛ ազատ և անկախ Արցախը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս