Բաժիններ՝

Գրքի տոնին ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը գրքեր նվիրեցին Խնկո Ապոր գրադարանի լավագույն ընթերցողներին

Գիրք նվիրելու օրվա առթիվ փետրվարի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը փոխնախարար Արա Խզմալյանի ուղեկցությամբ այցելեց Խնկո Ապոր անվան ազգային գրադարան, ծանոթացավ հայաստանյան հրատարակչությունների՝ տարբեր տարիների թումանյանական հրատարակությունների ցուցահանդես-տոնավաճառին և պարգևատրեց 2020 թվականի գրադարանի լավագույն ընթերցողներին:

Որպես տարվա լավագույն ընթերցողներ նախարարը երեխաներին հանձնեց Հ. Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին:

«Գիրք կարդալու մշակույթն էապես առաջընթաց է գրանցել: Գիրքն այլևս այն գիրքը չէ, որը տարիներ առաջ էր, երբ ուղղակի գիրք էր և հաճախ ուշադրությունից դուրս էր մնում: Իմ դիտարկումներով, այսօր գիրքը որպես հոգևոր արժեք նշանակություն է ձեռք բերել: Մենք հասկանում ենք, որ առանց գրքի չունենք ապագա»,- նշեց Դումանյանը:

Ըստ նախարարի՝ գիրքը տարածելու գործում դեռ շատ աշխատանք կա անելու, բայց կարևոր է, որ հիմք կա: Պետք է անել հնարավորը, որ փոքրիկները, աշակերտները, ուսանողները շատ ընթերցեն:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
Անդրադառնալով Գիրք նվիրելու օրվա կարևորությանը՝ Դումանյանն ասաց, որ պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապված: Բազմաթիվ սերունդներ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական պատմվածքներով ու բանաստեղծություններով: «Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ Գիրք նվիրելու օրվա նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի գրողների միության նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանին, որի շնորհիվ էլ 2008 թվականից ի վեր նշում ենք այս գեղեցիկ տոնը: Արդեն ավանդական դարձած տոնը բազմախորհուրդ է. նվիրելով՝ մենք մեկ անգամ ևս արժևորում ենք գիրքը, մեր գիտելիքներն ու հույզերն ենք փոխանցում միմյանց, հաղորդակցվում ենք գրականության ու հոգևոր-մշակութային արժեքներին, հղկում ենք մեր միտքն ու ճաշակը, լուսավորում ենք մեր ուղին, ներկան և ապագան»,-ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս