«Սա կանխամտածված բան է՝ իբր բոլոր տարածքները վերցնում են, որ մեզ էլ մաքրեն այստեղից». Կառավարությունը 1 օրում 200 կազմակերպություններից պահանջել է լքել տարածքը
Այսօր 3 տարվա մեջ երկրորդ անգամ թվով մոտ 200 հասարակական կազմակերպություններ (հ/կ) ընդգրկող քաղաքացիական համագործակցության ցանցը ՀՀ Ֆինանսների նախարարությունից կրկին հրահանգ է ստացել մինչև վաղը ժամը 14:00-ն ազատել իրենց հատկացված տարածքը: Առաջին անգամ հրահանգը եղել էր 2019թ. ապրիլին:
«Ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցը» Երևանի Սարյան 22 հասցեում գտնվող «Հայփոստի» շենքի 12-րդ հարկում է գործում 2014 թվականից: Մոտ 85 քմ տարածքը նրանց անհատույց տրամադրվել է դեռևս նախորդ իշխանության օրոք, դրա համար հիմք է հանդիսացել Կառավարության հետ այս կազմակերպությունների կնքած «ՀՀ ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության» մասին անժամկետ համաձայնագիրը: «ՌԾ քաղաքացիական համագործակցության ցանց»-ի խորհրդի նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Նախկին իշխանություններին անընդհատ վատաբանում էին, թե ժողովրդավար չէին, քննադատողներից մեկն էլ ես եմ եղել, բայց այսօրվա իշխանությունները ժողովրդավարության անվան տակ եկել են իշխանության, իսկ ժողովրդավարության առաջին հիմնական հարցերից մեկը երկրում քաղաքացիական հասարակության ձևավորումը և զարգացումն է: Եվրոպական երկրներում հ/կ-ներին պետությունն օրինական ճանապարհով ֆինանսավորում է, ստեղծում է պայմաններ, որ մարդիկ նստեն, աշխատեն, պրոդուկտ տան, գիտելիք տան, թե ի՞նչ ուղղությամբ ի՞նչ փոփոխություններ անեն, ո՞նց զարգացնեն տվյալ ոլորտը: Մեզ մոտ այս համաձայնագրով այն ժամանակ բավականին օգնեց Կառավարությունը: Մենք սպասում էինք, որ նրանից հետո եկող կառավարությունները նույնպես կաշխատեն մեզ հետ, Կարեն Կարապետյանն այդքան մոտիկ չեկավ քաղհասարակությանը, նրանից հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, մենք ոգևորվել էինք: Նա սկզբում խոսում էր ժողովրդավարության կայացման, բաց ձեռքերի մասին, ամպագոռգոռ բառեր էր ասում, բայց հետո տեսանք, որ չէ, այնտեղ, երբ ասում էին՝ քաղաքացիական հասարակություն, որոշ հ/կ-ներ էին հանդես գալիս, որոնք հետագայում թերթերը, Ֆեյսբուքում էլ գրեցին, որ արտասահմանյան գործակալներ են»:
Ցանցի զբաղեցրած տարածքը պետական գույք է և պատկանում է ՀՀ ֆինանսների նախարարությանը: Այսօր նախարարության աշխատակիցները գույքագրում են արել և պահանջել տարածքի բանալիները:
«Կառավարությունը որոշում է կայացրել, որ նախարարությունների որոշակի սենյակներ, գույք և այլն, տալիս է Գույքի կառավարման վարչությանը: Իրենք այսօր եկել էին, որ գույքագրում կատարեն, կատարեցին, դրանից հետո ասում են՝ դե բանալիները հանձնեք, այստեղ ազատեք: Մենք բավական թվով հ/կ-ներ ունենք, որ այդ հ/կ-ները հիմա դուրս գան, մեծ աղմուկ բարձրացնեն, ի՞նչ է, իշխանությունների դուրը կգա՞, չեն օգնում, գոնե թող չխանգարեն: Կարող է՝ մի օր գա, և իշխանությունները զգան մեր կարիքը: Ժամանակին մեզ որ ասացին՝ գնացեք այդտեղ նստեք, թուղթ չտվեցին, ասացին՝ մենք ենք պահանջողը, չենք պահանջի, գնացեք նստեք: 6 տարի այստեղ նստած ենք: Գործող իշխանությունը փոխանակ մտածի՝ ինչպես անի, որ քաղաքացիական հասարակության գործունեությունն ակտիվացնի, ոչ թե օգնում, այլ հակառակը՝ փորձում են առանց ուրիշ տեղ հատկացնելու՝ այստեղից հանել մեզ»,- ասաց Սեդրակյանը:
Նա նշեց, որ 6 նամակ է ուղարկել գործող Կառավարությանը, առաջարկել են իրենց օգնությունը: Նամակներից 5-ը մնացել են անպատասխան, 6-րդ պատասխանն էլ զարմացրել է իրենց:
«Անգրագետ, կիսագրագետ ջահելները եկել են նախարարություններում տարբեր պաշտոններ են ստացել, չեն աշխատում նախարարությունները, ամբողջ ժողովուրդը բողոքում է: Պաշտոն չենք ուզել, ուզել ենք փորձառու մարդկանցով խորհուրդ տալ: Վերջին մի նամակին պատասխանեց վարչապետի խորհրդական, գեներալ Արշակ Կարապետյանը: Նամակը կարդացողներն այնքան անգրագետ են եղել, որ նամակի վրա գրված է եղել՝ «Ռազմավարական ծրագրերի ցանց», իրենք ռազմականն ու ռազմավարականը չեն տարբերել, մակագրել են ռազմական գծով խորհրդականին: Ինքն էլ ասում է՝ ես ի՞նչ իմանամ՝ սա ինչ է, հետո եկավ հանդիպեց, փորձում էր Փաշինյանի հետ հանդիպում կազմակերպել, բայց հետո հեռվից հեռու իմացանք, որ որոշ հ/կ-ներ չեն ցանկացել, որ մենք գանք արենա: Կուզեի ուղիղ Նիկոլ Փաշինյանին ասել, որ, եթե դուք ցանկանում եք, որ երկրում ժողովրդավարությունն իրոք կայանա, իրոք զարգանա, Դուք պետք է ստեղծեք նպաստավոր պայմաններ, որ հ/կ-ները հավաքվեն: Կառավարությունը չի ուզում նման բաներ անել, բայց ժողովրդավարության անվան տակ եկել է իշխանության»,- ասաց Սեդրակյանը:
Նրա պնդմամբ՝ գործող կառավարությունն իր իշխանության տարիներին անտեսել է քաղհասարակության կարծիքը, լսել է միայն որոշ հ/կ-ների ներկայացուցիչների, պետության համար կարևոր ծրագրերը հանրային քննարկման չի դրել: Սեդրակյանը վստահեցնում է՝ դժգոհության մեծ ալիք կբարձրանա: Պատրաստվում են նամակներ ուղարկել եվրոպական կառույցների:
«ՌԾ քաղաքացիական համագործակցության ցանց»-ի խորհրդի անդամ Լուսինե Պետրոսյանը Կառավարության այս որոշման մեջ միտում է տեսնում, ասում է՝ մի անգամ փորձել էին հանել իրենց, չստացվեց, հիմա այլ բան են մտածել:
«Մեր դիմաց զանգեցին Գույքի կառավարման վարչություն, պայմանավորվեցին, որ 14:00-ին գալու են գույքը հանձնեն: Ասացի՝ եթե արդեն գույքագրել եք, կոդերով, ամեն ինչով, տարեք դուք էլ «սդաչա արեք», մեր ներկայության պատճառը ո՞րն է: Ասաց՝ այդ դեպքում բանալին տվեք, վստահո՞ւմ եք, ասացի՝ չէ, մենք այստեղ գույք ունենք, ինտերնետի սարք կա, էլի իմ անունով, ես ի՞նչ իմանամ՝ վաղը կպոկեք-կտանեք: Այստեղ եղած գույքը բազաներից ենք բերել, «սպիսատ» արած գույք է, որպես վառելիք էին տանում, տախտակը տախտակի վրա դրել, գույք ենք սարքել:
Բացի պրինտերից ու աթոռներից, ամեն ինչ թափելու բան է, բայց իրենք ասում են՝ պետք է հանձնենք Գույքի կառավարման վարչությանը: Թափելու բաները տալիս ես՝ գույքի վարչությունն ի՞նչ անի: Համակարգիչները Ֆիննախի պադվալից ենք վերցրել: Մենք մեր հաշվին բերել ենք, պարոն Սեդրակյանը մարդ է բերել իր հաշվին, որ փակ սեյֆերը բացեն, բանալի սարքեն, համակարգչի վրա ծրագրեր նստացնելու համար էլ մեր գումարով մարդ ենք բերել: Մեզ չեն ասել, թե եթե այստեղ չլինենք, ի՞նչ են անելու: Երբ մեզ զանգեցին, ես հասկացա, որ մանյովր են արել, ուզում են գույքը խլել մեզանից, նման դեպք էլի է եղել: Ասացի՝ տվեք գույքագրածի մի օրինակ ինձ, որովհետև տարիներ շարունակ իմ անունով է եղել, վաղն ի՞նչ իմանամ, կասեք՝ մի բան պակաս է եղել, ի վերջո, ստորագրված է, չտվեցին: Ես իրավաբան չեմ, բայց եթե մենք սխալ էինք, հո զոռբայությամբ չե՞նք նստել այստեղ, տվել են, նստել ենք, բավականին անվճար գործ ենք անում, նախորդ անգամվա հոդվածից հետո 2 տարի ինչո՞ւ թողեցին մենք նստենք այստեղ, ոստիկանությամբ կհանեին մեզ, հարկադիրով, քար լռություն երկու տարով, հիմա էլ սա են մտածել: Ես կարող եմ ասել, որ սա կանխամտածված բան է, որ իբր բոլոր տարածքները վերցնում են, որ մեզ էլ մաքրեն այստեղից»,- ասաց Պետրոսյանը: