«Ինքս ինձանից կարո՞ղ եմ հեռանալ». Միքայել Մելքումյանը՝ ԲՀԿ-ից դուրս գալու լուրերի մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ խմբակցությունից Գևորգ Պետրոսյանի դուրս գալուց հետո նրան չի հանդիպել և հետը չի զրուցել։
«Դրանից առաջ որևէ անգամ այդ տիպի խոսակցություն չի եղել, որպեսզի ես զգամ, որ այդ քայլն է լինելու։ Սակայն ինքն ըստ երևույթին պարզաբանում տվել է, մեր և մեր ղեկավարի կողմից Գևորգ Պետրոսյանի նկատմամբ եղել է համընդհանուր հարգանք, այլ բան չեմ կարող ասել»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։
Ըստ նրա, կուսակցություններում կա կոլեկտիվ մտքի և վերլուծության մոդելավորման ինստիտուտ, և այնպես չէ, որ ամեն մի անհատ կուսակցական, պատգամավոր որոշում է ու ասում, թե ինքն այսպես է ուզում անել։ Ամեն ինչ պետք է կուսակցությունում քննարկվի, և կարող են տարբեր կարծիքներ լինել, և դրանք կարող են լինել աշխատանքային։ Սակայն կուսակցության դեմքը, վեկտորը ներկայացնելու առումով՝ կուսակցությունն անպայման որոշում է կայացնում։
«Սակայն սա չի նշանակում, որ ամեն մի անհատ իր կարծիքը չի կարող արտահայտել՝ կարող է, բայց լայն առումով կուսակցությունն ինքն է որոշում։
Քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, և պետք է այնպիսի հաշվարկներ ու գործողություններ անես, որպեսզի կարողանաս կուսակցության իմիջի ու պետության համար շահեկան դուրս գալ։ Այսինքն՝ պետք է կարողանաս ժողովրդի ու պետական շահը ճիշտ համադրես ու զուգակցես կուսակցական քո խնդիրների ու վարկանիշի հետ»,- հավելեց պատգամավորը։
Դիտարկմանը՝ խոսակցություններ են շրջանառվում, որ հաջորդը կուսակցությունը լքելու են ինքը և Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը նկատեց՝ այդ հարցը տալուց առաջ լրագրողները մի փոքր պետք է մոնիտորինգ անցկացնեն, թե վերջին 2-3 ամսում ինքն ինչով է զբաղվել՝ օրենսդրական նախաձեռնություններ, ճեպազրույցներ, ելույթներ խմբակցության անունից և այլն։
«Այդ ինչպե՞ս եմ ես խմբակցությունից դուրս գալիս, երբ այս ամենի կիզակետում եմ։ Երկրորդը՝ ես ինքս ինձանից կարո՞ղ եմ հեռանա։ Ես կուսակցությունում ոչ միայն քաղաքականություն իրականացնող եմ, այլև քաղաքականություն մշակող եմ, ես ինքս ինձանից կարո՞ղ եմ հեռանալ, իհարկե՝ ոչ։ Դրա համար ես շատ հանգիստ ու հանդարտ եմ վերաբերվում այդ հարցադրումներին։ Այստեղ մի ուրիշ բան է հանդես գալիս, նշանակում է՝ ինչ-որ տեղեր կան, որոնք խիստ անհանգստացած են Միքայել Մելքումյանի և մյուս գործընկերների հետևողական քաղաքական վարքագծով»,- շեշտեց պատգամավորը: