Ինչու են ԴԱՀԿ-ում ծառայողական մեքենաներում GPS համակարգեր տեղադրել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աննախադեպ ռեֆորմներ են իրականացվում:
Դեռ լիովին չէինք մարսել հարկադիր կատարումն աստիճանաբար մասնավորին հանձնելու նորությունը, հիմա էլ փաստորեն ծառայողական մեքենաների վրա GPS համակարգեր են տեղադրվում:
168.am-ի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ բոլոր մարզային ծառայությունների ղեկավարներին իրենց ծառայողական մեքենաներով հրավիրել են հարկադիր կատարման ծառայությունն ապահովող մարմին՝ մեքենաների տեխզննություն իրականացնելու համար:
Մեզ փոխանցեցին, որ մարզային ծառայության ներկայացուցիչների մոտ տարակուսանք ու կասկած է առաջացել այն բանից հետո, երբ իրենց ասել են՝ թողեք մեքենաները, հետո կգաք, կտանեք: Երբ վերցրել են մեքենաները, հարկադիր կատարումն ապահովող մարզային ծառայություններից մեկի ղեկավարը պարզել է, որ իր մեքենայի մեջ GPS համակարգ է տեղադրված: Երբ հարցրինք՝ ինչո՞ւ, պատասխանեցին՝ հավանաբար հսկողության, մեր շարժերը ստուգելու ու դրանցից իրազեկ լինելու համար:
168.am-ը դիմեց նաև ԴԱՀԿ՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Այնտեղ չհերքեցին մեր տեղեկությունը: Ավելին, ասացին, որ Ծառայության ծառայողական մեքենաներում GPS համակարգերը տեղադրվել են հանրային միջոցները խնայելու, ծառայողական մեքենաների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և անձնական նպատակներով դրանց շահագործումը բացառելու նպատակով:
«Առաջին փուլով նշված տեխնիկական համալրումը կատարվել է Ծառայության մարզային բաժիններին ամրակցված ծառայողական մեքենաներում։ Հաջորդիվ կկատարվի նաև Ծառայության կենտրոնական մարմնին և Երևան քաղաքի բաժինները սպասարկող ծառայողական մեքենաների տեղորոշող սարքերով համալրումը։ Այդ մասին տեղեկացված են եղել Ծառայության տարածքային բաժնի պետերը, որոնք էլ իրենց հերթին՝ իրազեկել են աշխատակիցներին»,- ասացին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ ըստ էության հերքելով այն պնդումը, թե մարզային ծառայությունների ղեկավարները տեղյակ չեն եղել այդ մտադրությունից: