Տղաս դիրքերում էր եղել, հետո որ դիրքերից իջել է, գնացել-տեսել է՝ տունը թալանված է. Նոր Գետաշենի բնակիչ
Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղը ևս օկուպացվել է թշնամու կողմից: Ինչպես մեր շատ հայրենակիցների, այնպես էլ Մարինե Հակոբյանի 5 հոգանոց ընտանիքը ստիպված է եղել լքել հայրենի գյուղը:
Այս պահին նրանք վարձով բնակվում են Զովունիում, չունեն աշխատանք և կարողանում են ապրել միայն կառավարության կողմից ցուցաբերված սոցիալական աջակցության միջոցով:
«Սեպտեմբերի 27-ին լքել ենք գյուղը: Տղաս դիրքերում էր եղել, հետո որ դիրքերից իջել է, գնացել-տեսել է՝ տունը թալանված է: Երեխեքին մի քանի շոր է հասցրել բերել ու մի երկու անկողնային պարագա: Հիմա վարձով ենք բնակվում Զովունիում, մեկ ամսվա վարձը 80.000 դրամ է, դրան գումարած՝ նաև կոմունալ վճարումները: Տանը կան նաև անչափահաս երեխաներ, դպրոց են գնում, մեկը 3-րդ դասարան է, մյուսը՝ առաջին: Ունեն հագուստի կարիք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Հակոբյանը:
Նրա փոխանցմամբ՝ հարսը մասնակցում է մատնահարդարման դասընթացների, ավարտելուց հետո խոստացել են լուծել աշխատանքի հարցը, իսկ տղան ունի առողջական խնդիրներ, առայժմ չի աշխատում:
«Տղաս 8 տարի պայմանագրային զինծառայող է եղել, հիվանդացավ, դուրս եկավ գործից, բայց պատերազմին մասնակցելիս էլի մրսեց, վիճակը բարդացավ. լյարդի, լեղապարկի հետ կապված խնդիր ունի՝ բուժվում է»,- նշեց մեր զրուցակիցը:
Ընտանիքին օգնել հնարավոր է՝ նշված քարտի համարի միջոցով, որը Մարինե Հակոբյանի անունով է՝ «Արցախբանկ»՝ 9051350200244190: