«Ինչո՞ւ պետք է և՛ հարկ մուծեմ, և՛ տեղական ու պետական տուրք, վերջում էլ բերեն՝ անորակ գործ անեն, ես էլ ամեն օր մեքենայի ինչ-որ մաս փոխեմ». Քաղաքացին՝ Եղվարդ-Երևան ճանապարհի մասին
Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհի ասֆալտափոսերն ամբողջությամբ քայքայվել են, մեծ վնաս են հասցնում մեքենաներին. դժգոհում են ամեն օր նշված ճանապարհով երթևեկող վարորդները:
«Հեղափոխությունից հետո «Նաիրի» ճանապարհների շահագործման և շինարարական ձեռնարկությունը, որը սպասարկում էր Եղվարդ-Երևան հանրապետական նշանակության ճանապարհը, ջրափոսերի մեջ փոսալցման աշխատանքներ էր իրականացնում: Զանգեցի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, վարչապետի, փոխվարչապետի ընդունարան, բոլոր իրավասու մարմիններին տեղյակ պահեցի, որ այդ խնդիրը կա, արձագանք չեղավ: Տեսանյութ նկարեցի, ցույց տվեցի, որ ջրի մեջ ասֆալտ են անում, որից հետո «Նաիրի» ճանապարհների շահագործման և շինարարական ձեռնարկության հետ պայմանագիրը լուծարեցին: Հիմա պայմանագիր են կնքել մեկ այլ ընկերության հետ, որը սպասարկում է հանրապետական նշանակության ճանապարհը: Երանի եմ տալիս «Նաիրի» ՃՇՇ-ին»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց Արկադի Գալստյանը:
Նրա խոսքով՝ օրեր առաջ փոսալցում են իրականացրել․ «3-4 օր առաջ լցված ասֆալտափոսերն ամբողջությամբ քայքայվել, դուրս են եկել: Ես էլ ո՞նց ասեմ. այդ ճանապարհով երթևեկում ենք, մեր մեքենաները վնասվում են ու կրում ենք անհամաչափ ծախսեր: Ինչո՞ւ պետք է և՛ հարկ մուծեմ, և՛ տեղական ու պետական տուրք, վերջում էլ բերեն՝ անորակ գործ անեն, ու արդյունքում ես տուժեմ, ամեն օր մեքենայի ինչ-որ մաս փոխեմ: Ինչո՞ւ: Ես բան ու գործս պետք է թողնեմ, ընկնեմ ասեմ՝ այս խնդիրն այսպես է, սա՝ այնպե՞ս: Այս ճանապահով երթևեկող ցանկացած մարդ պետք է մտածի: Ինչո՞ւ պետք է Սովետական Միության ժամանակ արված ասֆալտը գոյատևի 40 տարի, դրանից հետո արված ասֆալտը՝ 3-5 օր»,- դժգոհեց Արկադի Գալստյանը:
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից պարզաբանեցին, որ ձմեռային սպասարկման մեջ փոսալցումը կատարվում է ոչ հիմնական, այսինքն, փոսերը ժամանակավոր են լցնում, իսկ հիմնական փոսալցումը կատարվում է մարտ ամսից հետո, երբ եղանակները տաքանում են: