Մարտից կսկսվեն կորոնավիրուսի պատվաստումները, քաղաքացիների մի մասը կպատվաստվեն անվճար
Պետպատվերի շրջանակներում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան ռիսկային խմբում ներառված քաղաքացիները: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանն ավելի վաղ հրաման էր ստորագրել, որով հաստատել էր կորոնավիրուսի ռիսկային խմբերը: Առաջին խմբում ներառված են տարեց անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների բնակիչները, ինչպես այս, այնպես էլ այլ սոցիալական պաշտպանության հաստատությունների աշխատակիցները, բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: 2-րդ խմբում ներառված են դասախոսները, ուսուցիչները, ԱԻՆ աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, պետական ծառայողները: Ըստ նախարարի՝ պատվաստումները կամավորության սկզբունքով են կատարվելու:
«Իհարկե, պարտադիր բնույթ չի կրելու, այն կրելու է կամավոր բնույթ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, ռիսկային խմբի անդամների համար պատվաստումը լինելու է անվճար:
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ այժմ գոյություն ունեցող բոլոր պատվաստումները մշակումից հետո անցնում են կլինիկական հետազոտությունների 3 փուլ: Ըստ նրա՝ Հայաստանում ներմուծվելու են այն պատվաստանյութերը, որոնք կունենան երրորդ փուլի արդյունքում ամփոփված տվյալները, մասնագիտական հանձնաժողովի կողմից կգնահատվի դրանց արժեքը, ազդեցությունը, նոր որոշում կկայացվի:
«Փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ սկսվել են: Գիտեք, որ ՌԴ-ի կողմից ունեինք նվեր խմբաքանակ: Մոտակայում կստանանք արդեն ավելի մեծ խմբաքանակ և այսպես հընթացս կշարունակենք»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ մարտից կսկսվեն պատվաստումները:
Առողջապահության նախարարի խոսքով՝ մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել «Աստրազենեկա», «Փայզեր», «Սպուտնիկ» պատվաստանյութերին:
Ինչ վերաբերում է ռիսկային խմբերում չգտնվող քաղաքացիներին, ապա նրանք կարող են պատվաստվել՝ որոշակի գումար վճարելով: Պատվաստման համար նախատեսվող գումարն այս պահին դեռևս հայտնի չէ: