Արցախի փրկարարներն անհետ կորածների որոնումները չեն վերսկսել. եղանակն անբարենպաստ է
Մարտական գործողությունների հատվածներում փետրվարի 18-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Արցախի փրկարար ջոկատները կազմ-պատրաստ են եղանակային պայմանների ընձեռած հնարավորության դեպքում՝ անմիջապես վերսկսել անհետ կորած զինծառայողների որոնումները: Այդ աշխատանքների հիմնական ուղղությունը շարունակում են մնալ 44-օրյա ռազմական գործողությունների հարավային հատվածները»,-մանրամասնեց Թադևոսյանը:
Հրադադարից հետո մարտական գործողությունների հատվածներում առայսօր հայտնաբերվել են, ընդհանուր առմամբ, 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
Հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են փետրվարի 16-ից:
Հաջորդող ժամանակահատվածում ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:
Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով: