«Մենք ունենք առաջ շարժվելու մեկ ճանապարհ». Սենոր Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանրագույն իրավիճակում հայտնված Արցախի պետականության հետագա կենսագործունեությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի առկայությունը տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է, բայց ոչ խնդրի վերջնական լուծում: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է:
Անկասկած է, որ մեր երբեմնի հզոր և մարտունակ բանակի կարողություններն ու համբավը վերականգնելու ճանապարհին մենք ունենալու ենք լուրջ հակազդեցություններ ինչպես դրսից, այնպես էլ ներսից, և դա օրինաչափ է: Օբյեկտիվ իրականությունը մեզնից պահանջում է այդ գործընթացների իրականացման ժամանակ լինել առավել զգոն և հեռահայաց, քանի որ մեր անցնելիք ճանապարհը ոչ միայն ականազերծված չէ, այլև հավելյալ ականապատ է և այն ստիպված ենք անցնել առավել մեծ զգուշավորությամբ ու անակնկալ սպասումներով…
Մենք ունենք առաջ շարժվելու մեկ ճանապարհ՝ հավատանք ինքներս մեզ ու գործենք… Բացառենք երկրի ներսում «հների և նորերի» արհեստական ջրբաժաններ ստեղծելու ապազգային ու կործանարար քարոզչությունը և, որ շատ կարևոր է՝ հենվելով հներին ու նորերին միավորող ստեղծարար արժեքների վրա, վերստին կառուցենք ՄԵՐԸ: Իսկ դա մենք կարող ենք… Մենք կարող ենք հատկապես նրանց օժանդակությամբ, ում խորթ է նվաստացուցիչ հայտարարությամբ ամրագրված դառը պարտության համը…»: