
Իրանում «Սպուտնիկ V»-ից լուրջ կողմնակի ազդեցություններ չեն արձանագրվել

Իրանի առողջապահության նախարարությունը ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութից լուրջ կողմնակի ազդեցություններ չի արձանագրել երկրում պատվաստումներն սկսելուց ի վեր: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին։
Փետրվարի 9-ին Իրանն սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ օգտագործելով երկրում հասանելի առաջին՝ Գամալեյայի անվան գիտահետազոտական ինստիտուտի պատվաստանյութը: Սկզբում այն հիմնականում կստանան բժիշկները: «Ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներկայում ստացել է 10 հազար մարդ: Այսօրվա դրությամբ պատվաստանյութի ներարկումից հետո լուրջ կողմնակի ազդեցությունների մասին չի հաղորդվել: Անհանգստության առիթ չկա»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիին: Ներկայում Իրանը չունի իր պատվաստանյութը, սակայն սեփական մշակումներ է իրականացնում: Պատվաստումների սկզբնական շրջանում Թեհրանը որոշել է ապավինել ներմուծված պատվաստանյութերին:
Բացի արդեն ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութից, Իրանը դիտարկում է Հնդկաստանից, Չինաստաստանից պատվաստանյութեր գնելու հարցը, ինչպես նաեւ դիմել է COVAX ֆոնդին: Իրանը հույս ունի Ռուսաստանի հետ համատեղ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսել առնվազն երկու ամիս անց: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին: Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել էր, որ Իրանը եւ Ռուսաստանը պայմանագիր են ստորագրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության շուրջ: