Պաղեստինցիներն Իսրայելին մեղադրել են Գազայի հատվածում «Սպուտնիկ V»-ի մատակարումներն արգելափակելու մեջ
Պաղեստինի ազգային վարչակազմն Իսրայելին մեղադրել է այն բանում, որ այդ երկիրը նախօրյակին Գազայի հատվածում խանգարել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 2 հազար չափաբաժնի մատակարումներին: Այդ մասին հաղորդել է The Guardian թերթը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
«Բռնազավթող իշխանությունները խոչընդոտել են (Գազայի հատվածում պատվաստանյութերի) ներբերմանը: Այդ չափաբաժինները նախատեսված էին բուժանձնակազմի համար, որոնք ինտենսիվ թերապիայի պալատներում աշխատում են COVID-19-ով հիվանդների հետ, ինչպես նաեւ անհետաձգելի օգնության բաժանմունքներում աշխատող անձնակազմի համար»,-հրատարակությունը մեջբերում է Պաղեստինի առողջապահության նախարար Մայ Ալկայլայի հայտարարությունը: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ պատվաստանյութերի բեռը կանգնեցվել է իսրայելական անցակետում: The Guardian-ի իսրայելական աղբյուրի տեղեկատվության համաձայն, Պաղեստինի իշխանություններն ավելի վաղ խնդրել էին Իսրայելի ազգային անվտանգության խորհրդին՝ պատվաստանյութերն ուղարկել Գազայի հատված, սակայն որոշումը չի ընդունվել:
«Այդ հարցը դեռեւս քննարկվում է: Բանն այն չէ, թե Իսրայելը մերժել է: Պնդումներն այն մասին, որ մենք պատվաստանյութերը թույլ չենք տվել Գազայի հատված, չեն համապատասխանում իրականությանը»,-հավելել է աղբյուրը: The Guardian-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Պաղեստինի ազգային վարչակազմը ձեռք է բերել 10 հազար «Սպուտնիկ V» պատվաստանյութ: Ներկայում Սպուտնիկ V»-ն գրանցվել է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Ղազախստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում եւ Թուրքմենստանում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբիայի Հանրապետությունում (Բոսնիայի եւ Հերցգովինայի Էնտիտետ), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում եւ Սենտ-Վինսենտում, Գրենադիններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: