«Մենք ունեցել ենք հստակ բանաձև պատերազմի ժամանակ՝ ապահովել Ղարաբաղի անվտանգությունը». Վազգեն Մանուկյան
Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում արված այն պնդմանը, որ Արցախյան խնդրի կարգավորման բանակցությունների ժամանակ հայկական կողմը բանակցել է ոչ թե այն մասին, թե ի՞նչ է տալու, այլ, թե ի՞նչ է ստանալու, որոշ մանրամասներ պատմեց 90-ականներից.
«Մենք ունեցել ենք հստակ բանաձև պատերազմի ժամանակ, որի մասին խոսել ենք նաև իրար մեջ, Ռոբերտ Քոչարյանը Պաշտպանության կոմիտեի նախագահն էր Ղարաբաղի, ես Հայաստանի Պաշտպանության նախարարն էի, Սերժ Սարգսյանը հրամանատար էր, մեր հստակ նպատակը հետևյալն էր, մենք ապահովում ենք Ղարաբաղի անվտանգությունը, դա բերում է նրան, որ մենք պետք է վերցնենք Քելբաջարը, Զանգելանը և այլն, իսկ բանակցությունների միջոցով ուզում ենք հետևյալը, մենք տարածքները տալիս ենք, պահում ենք միջանցք, կլինի Լաչի՞նը, թե՞ Լաչինն ու Քելբաջարը, դա առանձին քննարկման հարց է, միջանցք և անկախ Ղարաբաղ, բանակցությունները գնացել են այդպես: Ինչքան գիտեմ, բանակցային սեղանին դրված վերջին փաստաթուղթը եղել է հետևյալը, որ մենք տալիս ենք 5 շրջան, կարգավիճակը չի որոշվում, որոշվում է, որ ինչ-որ ժամանակից հետո հանրաքվեի միջոցով կորոշվի Արցախի ստատուսը, Քելբաջարն ու Լաչինը Արցախի հետ միասին մնում են ստատուս-քվոյի մեջ, մինչև կլինեն ընտրություններ: Կարծում եմ, որ դա շատ լավ տարբերակ էր, եթե դրա հետ միասին ապահովվում էր նաև անվտանգությունը, որովհետև 5 շրջան տալուց հետո անվտանգության պրոբլեմներ պետք է ունենայինք: Եթե դրա հետ մեկտեղ՝ այդտեղ խաղաղապահ զորքեր էին կանգնում, կամ անվտանգության երաշխիքներ էին լինում, ես կարծում եմ, որ դա նորմալ սցենար էր»:
Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ «ոչմիթիզականությունը» առաջ է քաշել մի շերտ, որն իրականությունը չէր պատկերացնում:
«Այդ «ոչ մի թիզ հող չենք տալու»-ն առաջացավ մարդկանց միջին շերտից, որոնք շատ հայրենասեր էին իրենց ձևացնում, բայց իրականությունը չէին պատկերացնում, ժամանակակից աշխարհի իրականությունը: Իրականությունն այն է, որ մեզ ջարդել են, ոչնչացրել են, մենք կորցրել ենք ամեն ինչ, մեզ հետ արհամարհանքով են խոսում, խոսում են Թուրքիայի հետ ճանապարհները բացելու մասին»,- ասաց Վազգեն Մանուկյանը և պնդեց, որ ինքը կողմ էր ճանապարհները բացելուն այն ժամանակ, երբ մենք դեռ հաղթող կողմ էինք, և մեզ հարգանքով էին վերաբերվում:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն վստահեցրեց, որ եթե հիմա բացվեն ճանապարհները, Թուրքիան մեզ «կուլ է տալու»:
«Թուրքիայի գյուղատնտեսական ապրանքները շատ ավելի էժան են, քան Հայաստանինը, իսկ ֆինանսական հնարավորություններն այնպիսին են, որ ինքն այստեղ ամբողջ բիզնեսն առնելու է, մենք դառնալու ենք ստրուկ ժողովուրդ, իսկ հիմա ինչ պայմանագիր Նիկոլի դիմաց դնեն, ստորագրելու է, մեզ պետք է նորմալ իշխանություն, որը պետք է վերականգնի Հայաստանը, վերականգնելուց հետո, երբ նորից Հայաստանը դառնա ոտքի վրա կանգնած պետություն, Թուրքիայի հետ կարելի է բանակցել ճանապարհները բացելու համար, բայց ոչ այս պահին»,- ասաց Մանուկյանը: