«Նիկոլ Փաշինյանի երկու դատ է լինելու». Վազգեն Մանուկյան
Այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կրկին հանդիպում է քաղաքացիների հետ՝ լսելու նրանց հարցերը, առաջարկները, տեսակետները: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են քիչ մարդիկ գալիս այս հանդիպումներին, Մանուկյանը պատասխանեց.
«Կշատանան, փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ 20-ի հանրահավաքը բավականին մեծ հանրահավաք կլինի, մենք Ազատության հրապարակը կօգտագործենք՝ որպես շտաբ, շարժումը որ առաջ գնա՝ մի կենտրոն պետք է լինի: Առաջին դեպքը չէ, որ այս հրապարակը ծառայում է՝ որպես շտաբ»:
Վ․ Մանուկյանը 168.am-ի լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում արած հայտարարությանը, թե՝ «Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի», ասաց.
«Դա առաջի՞ն սուտն է իր: Ինքը նույնիսկ ուզենա՝ չի կարողանա: Այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ ինքը շատ վատ ղեկավար է, ինքը չի կարողանում կառավարել․ ո՛չ բանակն է կարողանում կառավարել, ո՛չ պետությունն է կարողանում կառավարել… Երկրորդը՝ այն իրավիճակում, երբ մարդու ամբողջ ուշքն ու միտքը նա է, որ իշխանություն պահի, ինչ-որ պոպուլիստական քայլեր կարող է անել, բայց ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն դարձել է վտանգավոր մեր երկրի ապագայի համար: Անցյալից դատելով՝ ես կարող եմ ասել, որ մի մարդ, որը ուժասպառ ձևով փորձում է ամեն գնով իշխանություն պահել և ո՛չ հարգանք ունի ժողովրդի կողմից, ո՛չ հարգված է արտաքին աշխարհից, նա որևիցե օգուտ Հայաստանին բերել չի կարող: Իր ամենահայրենասիրական քայլը կլիներ, եթե ինքը կամավոր դուրս գար ու գնար, դա կլիներ իր միակ հայրենասիրական քայլը»:
Անդրադառնալով Շիրակի մարզում մի քանի քաղաքացիների կողմից Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան կանգնեցնելուն և «թավիշը վերացնելու» պահանջին, Վազգեն Մանուկյանն ասաց, որ այստեղ կարող է լինել երկու հանգամանք, նախ՝ նման բաներ կազմակերպել իշխանության համար դժվար չէ, երկրորդ՝ ցանկացած ղեկավարի դեպքում կարող են լինել մարդիկ, որոնք նրան լավ են վերաբերվում:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր ամեն ինչ հասկանում են, որևիցե հարգանք իր նկատմամբ չունեն: Ժողովուրդն էլ իր ղեկավարման տարիների ընթացքում ավելի լավ չի ապրել: Նիկոլը պատասխան տալու է այս ամեն ինչի համար: Լինելու է երկու դատ՝ առաջին դատում ինքը պատասխան է տալու կոռուպցիայի համար, որ երկիրը նորից խրեց այն կոռուպցիայի մեջ, որի դեմ պայքարում էր, երկրորդը՝ նոր կլինի պատերազմի դավաճանության համար»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուի խոսքով՝ այս հանդիպումների ընթացքում իրեն ուղղվող հարցերը բազմազան են, հիմնական հուզող հարցն այն է, թե հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո երկիրը վերականգնել: Հույս կա՞:
«Ոչ թե հույս կա, այլ մենք մի քանի անգամ ընկել, նորից բարձրացել ենք, նորից կբարձրանանք, բայց պետք է դաս քաղենք, որ երկիրը պետք է լինի այնպիսին, որ դրսի ուժերը չկարողանան խաղալ մեր զգացմունքների վրա, և նորից վերցնեն իշխանությունը ու մեր երկիրը կործանեն»,- պնդեց Մանուկյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում