«ՍԴ-ի դեմ իրականացված ողջ հակաօրինական ու հակասահմանադրական արշավը մասն էր կազմում այն հրեշավոր, հանցավոր ծրագրի, որին մենք, ցավոք, աշնանն ականատես եղանք». Էդգար Ղազարյան

«Բացի ուժային որոշ կառույցների կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող անձնական, ֆիզիկական պահպանության հանգամանքներից, մեր հասարակական կյանքում գոյություն չունի երկրորդ գործոնը, որը կարող է Նիկոլ Փաշինյանին պահել իշխանության, և ամենից լավ դա ինքն է հասկանում»,- «Հայելի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան այդ մասին հայտարարվեց, և ինքը, բնականաբար, հասկանում էր՝ ինչ հետևանքներ է դա ունենալու:

«Գնացել, թաքնվել էր բունկերում: Եթե երկրի ղեկավարը ստորագրում է մի փաստաթուղթ, որը կարող է ինչ-որ ձևով ընկալելի, տրամաբանական լինել, ինչո՞ւ է նա փախչում և երկար ժամանակ չէր հայտնում իր գտնվելու վայրը: Սկզբնական շրջանում նույնիսկ խոսում էին, որ հանրապետությունն էլ է լքել»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ հավելելով, որ թաքնվելու ռեժիմում, անվտանգության բացառիկ միջոցների կիրառմամբ Նիկոլ Փաշինյանը գտնվում է մինչև այժմ:

Անդրադառնալով ՍԴ նախկին կազմից ազատվելու՝ իշխանությունների գործադրած ջանքերին ու դրա պատճառներին՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ նախկին կազմի օրոք որևէ ազգակործան փաստաթուղթ չէր կարող հավանության արժանանալ:

«Չի բացառվում, որ ինչ-որ մի օր ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք իրավական իմաստով ունեն ամենապրիմիտիվ ձևակերպումները, որովհետև դա ընդամենը հայտարարություն է, և ոչ ոք չէր կարող մտածել, որ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը կարող է արտահայտվել իրավական իմաստով ամենապարզ փաստաթղթով, դառնան միջազգային պայմանագիր ու վավերացվեն ԱԺ-ում՝ ՍԴ-ի դրական եզրակացությամբ»,- ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը:

Նա նշեց, որ ինքը վստահ է՝ ՍԴ-ի դեմ սկսված ու իրականացված ողջ հակաօրինական ու հակասահմանադրական արշավը մասն էր կազմում այն հրեշավոր, հանցավոր ծրագրի, որին մենք, ցավոք, աշնանն ականատես եղանք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս