«Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, 90 տոկոսով հենց այդպես էլ եղել է». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի վերաբերյալ իր ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ գրել էր՝ եթե տարածքները պետք է տային Ադրբեջանում, ապա ինչու էին մեծածավալ ներդրումներ անում։

«Ես կողմ եմ այդ ներդրումներին և հիմա էլ եմ կողմ, եթե չպետք է տայինք Ադրբեջանին, եթե պետք է տայինք՝ դեմ եմ ներդրումներին։ 30 տարում հարցը պետք է լուծվեր և ներդրումներ չարվեր։ Մարդիկ ասում են՝ մենք բանակցում էինք, որ տարածքները տայինք, ես էլ ասում եմ, եթե պետք է տային, ապա այդ ուղղությամբ աշխատանք պետք է տանեին ու մեզ բոլորիս պատրաստեին չտալուն»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա, Արցախում գրվել է Սահմանադրություն, և այն գրել է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրանյր Թովմասյանը՝ ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո։ Այդ սահմանադրությամբ գրվել է, որ 7 շրջաններն Արցախի անբաժան մասն են, իսկ մյուս կողմից՝ բանակցվել է այդ տարածքները վերադարձնելու համար։

«Մենք քաղաքակիրթ բանավեճի հարց ենք բարձրացրել, բայց ՀՀԿ-ի մեր գործընկերների կողմից տեսնում ենք ինչ-որ վիրավորական արտահայտություններ, սա զարմանալի է։ Ես կրկին համոզվեցի, որ մենք անպայման պետք է ստեղծենք փաստահավաք խումբ, որովհետև այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, 90 տոկոսով, որքանով ես գիտեմ՝ հենց այդպես էլ եղել է։ Հոկտեմբերի 2-ին ես հասել եմ Արցախ և այնտեղ իմացել եմ, որ նախկին փորձառու գեներալներին թուլ չեն տվել մասնակցել պատերազմի հետ կապված խնդիրներին։ Ասել են, որ զանգահարել են Արցախ ու ասել են՝ թող նրանք դուրս գան սենյակից,  և բոլորը դրանից հիասթափված ու նեղացած՝ Ստեփանակերտի հրապարակում կանգնած էին։ Ես այդ ամենը տեսել եմ, և իշխանությունը դրա համար պետք է պատասխան տա։ Արցախի նախագահը պետք է պատասխան տա՝ փաստորեն նախկին նախագահները նրանից հանդիպում են խնդրել, բայց այն մերժվել է»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս