Հոկտեմբերի 4-ին հասավ Արցախ՝ Շուշի բերդաքաղաք. հենց այնտեղ էլ Սամվել Քոչինյանը զոհվեց արկի պայթյունից
Ոստիկանության ենթասպա Սամվել Քոչինյանը հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու… անմահացավ։
Ոստիկանությունում ծառայության էր անցել 2006 թվականին։ Ծառայել էր Գյումրիի պետական պահպանության բաժնում և պարեկապահակետային ծառայությունում։ Նրան բնութագրելուց բոլորը նույնն են ասում՝ պատրաստակամ, ծառայակցի, ընկերոջ, քաղաքացու և յուրաքանչյուրի կողքին կանգնող։ Աշխատանքի մեջ ուշադիր էր ու զգոն։ Ցանկացած վտանգավոր միջադեպ՝ և այնտեղ էր հայտնվում Սամվել Քոչինյանը, ու ամեն ինչ հարթվում էր։
Պատերազմի հենց առաջին օրերին զինվորագրվեց, ծառայակիցների հետ անցավ մարտական պատրաստություն։ Հոկտեմբերի 4-ին հասավ Արցախ՝ Շուշի բերդաքաղաք։ Հենց այնտեղ էլ՝ մշակույթի կենտրոնում, Սամվել Քոչինյանը զոհվեց արկի պայթյունից։
Սամվել Քոչինյանը ամուսնացած էր։ Երեք զավակներից փոքրը Ալենն է։ Ամեն օր նայում է հոր լուսանկարները, հիշում, ժպտում… Դեռ գալու է Ալենի ու նրա հասակակիցների ժամանակը…