Բաժիններ՝

Իտալիայում էթնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել

Սիցիլիայի արեւելյան ափին էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները։

Գիտնականների տվյալներով՝ ակտիվության հերթական սաստկացումն սկսվել է տեղական ժամանակով 16:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին) եւ ուղեկցվել լավայի շատրվաններով ու հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ, որը հսկայական ամպ է գոյացրել՝ խառնարանի վրա բարձրանալով մոտավորապես մեկ կիլոմետր:

Ժայթքումը գրանցվել է հրաբխի հարավարեւելյան լանջին, որով շիկացած լավայի հոսքերն իջնում էին ծովի մակերեւույթի նկատմամբ մինչեւ 2 հազար մետր բարձրությամբ: Ժայթքումը բնութագրվում էր ոչ մեծ պայթյուններով, հրաբխային ռումբերի եւ բավական խոշոր չափի շիկացած խարամի կտորների արտանետմամբ: Ապարի այդ կտորները մի քանի բնակավայրեր են ավերել հրաբխի մերձակայքում:

«Քարե անձրեւը» որոշակի նյութական վնաս է հասցրել, սակայն մարդկային զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել: Առանձին հրաբխային ռումբեր թռել հասել են մինչեւ Կատանիայի նահանգի կենտրոն Այդ խոշոր քաղաքի մի քանի շրջաններում հրաբխային մոխիր է թափվել:

Էթնան ամենաբարձր գործող հրաբուխն է Եվրոպայում: 2013 թվականի հունիսին այն ընդգրկել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:

2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման ընթացքում Սիցիլիայում վիրավորվել է տասը մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս