«Նույնիսկ գիտեմ մանրամասնությունները, թե Սոչիում ինչ են խոսել Արցախի հարցի մասին». Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում քաղաքացիներին հետ զրույցում նշեց, որ 2018 թվականին, երբ վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, վերջինս մեկնեց Սոչի, որպեսզի հանդիպեր ՌԴ նախագահի հետ և քննարկեին Արցախի հարցը։

«Ես նույնիսկ գիտեմ մանրամասնությունները, թե ինչ են խոսել Արցախի հարցի մասին, որովհետև Մոսկվայի այդ կողքի շրջապատից եմ իմացել։ Զանգել եմ բոլոր այն մարդկանց, որոնք Արցախի հարցի հետ կապ ունեին, հարցրել եմ՝ ձեզ հետ խորհրդակցե՞լ է Սոչի գնալուց առաջ, բոլորը պատասխանել են՝ ոչ։ Մարդը եկել է իշխանության, որևէ տեղեկություն չունի, լայաղ չի անում նախկին նախարարների կամ պատասխանատուների հետ քննարկի այդ հարցը, որպեսզի իմանա՝ այնտեղ ինչ խոսի։ Հիմա այդպես է, Հայաստանում որևէ մեկը խորհուրդ չի հարցնում, ամեն մեկը՝ իր խելքով»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ, եթե որևէ հարց չեն կարողանում լուծել, ապա դա դեռ չի նշանակում, որ պետք է հետ նահանջեն, այլ պետք է շարունակեն պայքարը։

«Ամսից ավելի է՝ հանրահավաքներ չեն լինում, իմ անձնական տպավորությամբ, մարդկանց մեջ ավելի է հասունացել հասկացությունը, թե մենք ինչ ծանր վիճակի մեջ ենք ընկել։ Այսինքն՝ եթե սկզբում տաք էին, չէին հասկանում, հիմա ավելի շատ մարդ մասնակից կլինի փետրվարի 20-ի հանրահավաքին»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս