Ես չէի հասկանում, թե ինչպե՞ս կարելի է լուռումունջ հանդուրժել, որ ինչ-որ ստահակ հրամաններ տա, և դուք այդ ստահակի և ստահակուհու հրամանները կատարեք. Շուշան Պետրոսյան

Երգչուհի, ԱԺ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի կարծիքով՝ երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները կազմակերպելու համար մեծ ինստիտուտ է աշխատել:

«Մեկ-մեկ նաև տպավորություն է, թե, «կուկուռուզնիկները», հիշո՞ւմ եք, որ պարարտանյութեր էին տարածում դաշտերում, այ էդպես «կուկուռուզնիկներ» են անցել քաղաքի վրայով, գուցե անտեսանելի, և այս հասարակության մեջ այդ «թալանչի», «կեղեքիչ» բառերով… Ասենք՝ դուրս են գալիս փողոց կանայք (էդպես կան էլի` վճարովի, խառնակիչ կանայք), և լսում ես բառապաշարը, էդ նույն բառապարաշարը տրաֆարետ է. դրանից տեսնում ես Ֆեյսբուքում՝ անդեմ ինչ-որ պատկերներով: Ինձ թվում է՝ այդ «կուկուռուզնիկներն» աշխատել են տարիներ շարունակ՝ ասելով, որ ես թալանչի եմ»,- ասաց երգչուհին ասուլիսի ժամանակ:

Իր գործընկերների՝ այդ օրերին կատարած ընտրությանն անդրադառնալով՝ նա նշեց. «Չգիտեմ՝ ինչ եղավ. փառասիրությունն էր, այդ րոպեին իրենց թվաց, որ իրենք են տերը իրավիճակի, և քանի որ ես թիրախավորված եմ, և շատ հարմար էդ պահին կրկին թիրախավորելու, գործի անցան բոլորը:

Ես անուններ չեմ տալու, բայց մարդիկ, որոնց համար նույնիսկ խնդիրներ եմ ունեցել, մարդ, որը մոռացված էր, ստվերում էր, ձեռք եմ մեկնել-դուրս եմ հանել, այդ բոլոր մարդիկ… Ինձ ինտերվյուներ են ուղարկել, ես ոչ մի բան չեմ պատասխանել. կարդում էի, և այդ բոլորն ունեմ, ունեմ սարսափելի մեծ արխիվ. մի օր կոլաժ եմ անելու մեծ՝ մի ամբողջ պատի վրա՝ պայմանական՝ «թավշյա խեղափոխությունը», որովհետև մարդիկ, որոնց, թվում էր, թե ճանաչում էի, ուղղակի նոր լույսով ի հայտ եկան ինձ համար:

Ասում ես՝ լավ, եթե այս տղան կամ այս աղջիկը էսպես էր իրեն պահում, ու ինքը երգում է հայրենիքի մասին, մեր հայրենիքի մասին (արտիստներից, ովքեր հայրենասիրական երգեր էին երգում), և այդքան հեշտ ծախեցին հայրենիքը՝ առանց մտածելու. էյֆորիայի մեջ էի՞ն. երկիրն էյֆորիայի մեջ են ծախում, ծանրութեթև չեն անում աշխարհի բոլոր մարտահրավերները, հարևանն ով է: Ախր այդ ամեն ինչը պետք է իմանալ, չէ՞, բայց պետք է ցանկանալ իմանալ. եթե հայրենիքդ սիրում ես, պարտավոր ես իմանալ, թե դու ուր ես ապրում, քո գեոպոլիտիկայով որտեղ ես գտնվում, ինչ կարգավիճակում դու պիտի լինես. դու պիտի միշտ պատրաստ լինես պատերազմի»:

Շուշան Պետրոսյանը պատերազմի օրերին փորձել է Արցախ գնալ, սակայն ընկերները Գորիսից նրան հետ են բերել, իսկ հիմա ասում է, որ չի տրամադրվում Արցախ մեկնել.

«Հասկացա, որ կարող է շատ վատ լինել ինձ համար, որովհետև նոյեմբերի 10-ից հետո արդեն լուրջ առողջական խնդիրներ ունեմ»:

Իշխանափոխությունից հետո դուք վերադառնալո՞ւ եք քաղաքականություն՝ Ֆեյսբուքով ուղղված հարցին երգչուհին պատասխանեց.

«Այս պահին կարևորն իշխանափոխությունն է: Ես, եթե հաշվի առնենք այն երգերը, որոնք երգել եմ ամբողջ կյանքս, միշտ էլ քաղաքականության մեջ եմ եղել այդ առումով, և երբեք քաղաքականության մեջ չեմ եղել, որովհետև դա իմ ապրելաձևն է՝ ծառայել հայրենիքիս: Եվ այո՛, ես ծառայել եմ պատգամավոր եղած տարիներին, 6.5 տարի ես ծառայել եմ հայրենիքիս, և ես այսօր այնտեղ նստած այդ գերիշխող մաս կազմող խրտվիլակների որևէ մեկի աշխատանքը չեմ տեսել, ես չեմ տեսել աշխատանք և չեմ տեսել արդյունք, բայց կարդում եմ, որ էսինչը նոր մեքենա է առել, էնինչը նոր տուն է առել… Փառք ու պատիվ լրատվականներին, հիմնական մարդիկ, որոնք նույն ոլորտի մեջ են եղել այսօր տիկին Աննայի և իր պարոնի հետ, օբյեկտիվ են»:

Շուշան Պետրոսյանը նշում է, որ շատ հարցեր ունի հայոց բանակի սպաներին, որոնց թվում շատ են նաև իր ընկերները. «Հրամաններ էր արձակում՝ ինչի՞ էիք կատարում, ո՞նց չէիք կատարում նույն հրամանները 1992 թ., Շուշին ո՞նց ազատագրեցիք, հիմա խորանա՞նք: Հիմա ո՞նց են հանդուրժում, որ մենք ամեն օր մի քիչ Սյունիք կորցնենք»:

Իր խոսքում նա նաև հիշեց պաշտպանության նախարարի և նախագահի մասին՝ նշելով, որ նրանք տեսակով նման են իրար. «Ասես կրթված, բայց իրենք չկան, ոչ մեկ են, այսինքն՝ երկու ոչ մի բան»:

«Ես ուղղակի ուզում եմ ասել, տղե՛րք, ո՞նց եք հանդուրժում, որ այդպես հողեր գնան, և դուք լուռ, ականջները կախ՝ կատարեք էս ստահակի հրամանները:

Ես շատ լավ գիտեմ բանակը, ես ծառայել եմ բանակին, ես գիտեմ բանակի շատ-շատ խնդիրներ, և ես չէի հասկանում, թե ինչպե՞ս կարելի է լուռումունջ հանդուրժել, որ ինչ-որ ստահակ հրամաններ տա, և դուք այդ ստահակի և ստահակուհու հրամանները կատարեք, հատկապես: Ո՞նց. երկրից թանկ բան կա՞»,- դիմելով բանակի սպաներին՝ եզրափակեց երգչուհին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս