Ռուսաստանը Սիրիայում ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում է արձանագրում. Լավրենտև
ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Սոչիում սիրիական հիմնախնդրի կարգավորման միջազգային խորհրդաժողովին, թեեւ հրավեր է ստացել ռուսաստանյան կողմից: Փետրվարի 16-ին այդ մասին լրագրողներին հայտարարել է Սիրիայի խնդրով ՌԴ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը։
«Մենք հրավեր ենք ուղարկել նաեւ մեր ամերիկացի գործընկերներին խորհրդաժողովին մասնակցելու համար (…), բայց, դժբախտաբար, մերժում ստացանք: Ներկայումս ամերիկացիներն զբաղված են ներքին գործերով եւ, ըստ երեւույթին, տակավին չեն որոշել սիրիական ուղղությամբ ուղեգիծը»,- ասել է նա:
Լավրենտեւը նաեւ հայտնել է, որ Ռուսաստանն արձանագրում է (ՌԴ-ում արգելված) ԻՊ-ի «քնած» բջիջների ակտիվացում Սիրիայում: Նրա խոսքով՝ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ համաձայնությունները բացառված են, դրանց լիակատար ոչնչացման նպատակաուղղվածությունը պահպանվում է:
«Քննարկվեց, թե մենք ինչ պետք է անենք այնպիսի միջազգային կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ճանաչել են ահաբեկչական, ինչպիսիք են «Իսլամական պետությունը», «Հայաթ Թահրիր աշ Շամը» (երկուսն էլ արգելված են ՌԴ-ում) եւ մյուները: Մեկ անգամ եւս կրկնեմ, հրամայականը մնում է. այդ խմբավորումների լիակատար ոչնչացում: Չեն կարող լինել ոչ մի կարգի փոխզիջումային համաձայնություններ ահաբեկիչների հետ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: