Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային շինարարությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իրականացվող բնակարանաշինության և անօթևան քաղաքացիների տեղավորման աշխատանքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները: Կառուցվող բնակարանների կահավորման մասին տեղեկությունները ներկայացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ չնայած Հանրապետության ողջ տարածքում իրականացվող մեծ ծավալի շինարարական աշխատանքներին, այնուամենայնիվ, արդյունքը գոհացուցիչ չէ: «Այս պահին մենք, ընդհանուր առմամբ, ֆինանսական խնդիր չունենք բնակարանաշինության հարցում: Մյուս կողմից մեր աշխատանքի տեմպից է կախված անօթևան մնացած մեր քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը: Ավելացրե՛ք բնակարանաշինության ծավալները: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական»,- ասել է նախագահը:

Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև տվել է մի շարք հանձնարարականներ գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս