«Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին:

Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանի դիտարկում-հարցին՝ Դուք մի քանի անգամ խոստովանել եք, որ 2011-ին պատրաստ էիք Կազանյան փաստաթուղթը ստորագրել, Ալիևը չհամաձայնեց, վերջին պահին ինչ-որ շտկումներ է փորձել մտցնել։ Կազանյան փաստաթղթի էությունը, մենք հիմա կգանք նաև նրան, թե ինչ էինք մենք ստանում, քանի որ ասում եք, որ հիմնականը մեր ստանալիքն է, մեր կողմից որոշակի տարածքային զիջումների մասին էր խոսքը։

Մինչև 2018-ը, այսինքն՝ այդ յոթ տարվա ընթացքում 2011-2018 թվականներին, երբ Դուք նախագահ էիք, Դուք համաձա՞յն եք, որ այդ 7 տարվա ընթացքում մենք, փաստորեն, արհեստականորեն ձգձգել ենք ստատուս քվոն, փորձել ենք ժամանակ շահել՝ ենթադրելով, որ հայկական կողմի օգտին է աշխատում այդ ժամանակը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ոչ, համաձայն չեմ։ Համաձայն չեմ ոչ միայն այսպես ձգձգելու տեսության հետ, մտքի հետ, համաձայն չեմ Ձեր՝ դրանից առաջ արտահայտած մտքի հետ, որ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր տարածքային զիջումներ։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։

Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։ Ահա, այդ միջանկյալ կարգավիճակով ԼՂ-ն ստանում էր անվտանգության յոթ երաշխիք, որոնցից առաջին կետը հետևյալն էր՝ ԼՂ անվտանգությունն ապահովում են ԼՂ ինքնապաշտպանության ուժերը, որ ՀՀ-ն պաշտոնապես հանդիսանում է ԼՂ անվտանգության երաշխավորը, որ ԼՂ-ի գործադիր և օրենսդիր մարմինների ընտրությունը ճանաչվում է միջազգային հանրության կողմից, որ ԼՂ-ում դատաիրավական համակարգը համարվում է, այսպես ասած, ճանաչված միջազգային հանրության կողմից, խաղաղապահների մասնակցություն և այլն։ Եվ ԼՂ-ն իրավունք էր ստանում, խնդրում եմ՝ ուշադրությամբ լսեք, անդամակցել միջազգային այն կառույցներին, որոնց անդամակցելու համար անկախությունը պարտադիր պայման չէր․ պլյուսը դա էր։ Եվ մինչև ԼՂ անկախության օրը՝ մինչ հանրաքվեի օրը մենք ունենում էինք մեր վերահսկողության տակ Լաչին և Քելբաջար շրջանները»։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ 5 շրջանի վերադարձի մասի՞ն էր խոսքը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Այո։ Այնպես որ, այդտեղ ցամաքային սահմանի կամ միջանցքի մասին խոսք չկար»։

Լրագրողի դիտարկմանը՝ մենք Լաչինի շրջանը չէինք էլ տալու, որ մտածեինք, այսինքն՝ գոնե այդ պահի դրությամբ չէինք տալու, Ս. Սարգսյանը պատասխանեց.

«Եվ ոչ էլ Քարվաճառը։ Այսինքն՝ Քարվաճառի առումով այնտեղ որոշակի փոխկապակցվածություն կար։ Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել, որովհետև դա առաջին հերթին մասնագետների համար է և ոչ թե լայն հանրության համար։

Ընտրվում էր 4 կոմիտե, այդ կոմիտեներից մեկն զբաղվում էր հանրաքվեով, մյուսն զբաղվում էր Լաչինից մեր բնակչության, հայկական բնակչության տարհանման, ադրբեջանցիների գալով, բայց դա երբեք չէր հանձնվում Ադրբեջանի վերահսկողության տակ, և դրանք փոխկապակցված էին։ Որքանով առաջ էր գնում հանրաքվեի գաղափարը, որքանով օրը մոտենում էր, զուգահեռաբար նաև այս խնդիրն էր լուծվում։

-Վերադարձող ադրբեջանցիները չէի՞ն մասնակցելու հանրաքվեին։

-Ո՛չ, իհարկե ոչ։

-Արցախի գործող կազմով պե՞տք է մասնակցեր։

-Այնտեղ շատ հստակ նաև ձևակերպված էր, թե ովքեր պետք է մասնակցեին հանրաքվեին և այլն։

-Իսկ հարցը որոշվա՞ծ էր, պարո՛ն նախագահ, ի՞նչ հարց էր դրվելու հանրաքվեին։

-Ոչ, օրակարգը ոչնչով չէր սահմանափակվում։ Այսինքն՝ դա նշանակում էր, որ ԼՂ իշխանությունները պետք է որոշեին, թե ինչպիսի օրակարգով է տեղի ունենալու հանրաքվեն։

-Շատ լավ, հիմա Դուք վերապատմում եք Կազանյան փաստաթղթի բովանդակությունը։

-Հիմա ես շարունակեմ։ Ինչպես հայտնի է, Կազանում ադրբեջանցիները հրաժարվեցին այդ փաստաթուղթը ստորագրել, թեև արդեն 2011-ի հունիսի 11-ին մենք ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ստորագրությամբ նամակ էինք ստացել, որ բանակցություններն ավարտված են, տեքստը վերջնականապես համաձայնեցված է, և հունիսի 24-ին Կազանում առաջարկվում էր ստորագրել այս տեքստը։ Եթե չեմ սխալվում, հունիսի 23-ին ինձ զանգահարեց ԱՄՆ նախագահը՝ պարոն Օբաման, և ասաց, որ ինքը շատ է խրախուսում, որ մենք ցուցաբերենք արիություն և ստորագրենք այդ փաստաթուղթը։ Նույն բովանդակությամբ նամակ եմ ստացել նաև Ֆրանսիայի նախագահից՝ պարոն Սարկոզիից։ Երկու դեպքում էլ ես պատասխանել եմ, որ մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթը, բայց ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը հրաժարվելու է այդ փաստաթուղթը ստորագրելուց։ Ինչևէ, մենք գնացինք Կազան, ես դրա մասին հանգամանորեն խոսել եմ Կիսելյովի հետ ռեպորտաժում և այլն։

-Դա էլ է շատ շահարկվել, ի դեպ։

-Շահարկվում է, որովհետև հատվածաբար են դիտում։

-Խոսում են միայն 7 շրջանի վերադարձի մասին։

-Շահարկվում է «ոչմիթիզականների» կողմից, որովհետև իրենք ականջալուր չէին լինում, երբ ասում էի՝ առավելապաշտությունը մեզ կործանելու է, երբ ասում էի, որ հանկարծ այնպես չանեք, որ մի օր հավաքվենք Երևանում և սկսենք «Ստեփանակերտ, Ստեփանակերտ» երգել։ Ինչևէ, Ադրբեջանը հրաժարվեց, դրանից հետո եղան հանդիպումներ, որոշակի շփումներ, հանդիպումներ նույնիսկ Ալիևի հետ Վիեննայում և այլն, բայց պետք է ասել, որ համեմատաբար հանդարտ իրավիճակ էր, և ակտիվ բանակցային պրոցեսներ՝ որպես այդպիսիք չկային։ Եթե հիշում եք, 2014-ին որոշակի լարվածություն ստեղծվեց։

-Օգոստոսյան միկրոպատերազմը, այո։

-Եվ 2014-ին համանախագահ երկրներից մեկի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ ինքն ինձ ուղիղ հարցրեց, ասաց՝ Սերժ, կարո՞ղ ես ազնվորեն ասել, թե ո՞րն է քո նպատակը Ղարաբաղի հարցում, ուզո՞ւմ ես արդյոք՝ խնդիրը լուծվի, թե՞ ուզում ես ստատուս քվոն պահպանել։ Ես անկեղծորեն ասացի, որ ուզում եմ խնդիրը լուծել, չեմ ուզում այս խնդիրը թողնել հաջորդ սերունդների ուսերին։ Հաջորդ հարցը հետևեց՝ իսկ քո պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է այս խնդիրը լուծվել։ Ես էլ ուղիղ ասացի հետևյալը՝ իմ պատկերացմամբ՝ խնդիրը կարող է ունենալ երկու լուծում՝ մեկ՝ վերջնական լուծում, մեկ՝ այսպես ասած, կիսալուծում։ Վերջնական լուծումը ես պատկերացնում եմ հետևյալ կերպ՝ Ադրբեջանն ընդունում է, որ ԼՂ-ն անկախ է, ճանաչում է ԼՂ անկախության փաստը։ Այդ դեպքում ես վերադառնում եմ Երևան և իմ թիմակիցներին համոզում եմ, որ այդ պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել յոթ շրջանները, որոնք կազմում էին այդ անվտանգության գոտին՝ բացառությամբ ՀՀ-ի հետ ցամաքային սահման կազմող միջանցքի, որը պետք է լինի ոչ թե ինչպես այսօր՝ 2,5 կմ-անոց, այլ բավարար միջանցք՝ անվտանգ հաղորդակցվելու համար ԼՂ-ի հետ։ Այնուհետև գնում եմ ԼՂ, համոզում եմ իմ մարտական ընկերներին, ԼՂ ղեկավարությանը, որ սա ճիշտ լուծում է։ Եվ երբ երկու տեղում ստանում եմ համաձայնություն, ապա կամաց-կամաց այս գաղափարը նաև սկսում ենք հանրայնացնել։ Ես չեմ երաշխավորում, որ այս գաղափարը կարող եմ իրականացնել։

-Բայց պատրաստ եք։

-Բայց ես պատրաստ եմ մտնել այս բեռի տակ, որովհետև իմ համոզմամբ՝ սա ճիշտ լուծումն է։ Սա առաջին տարբերակն է։ Երկրորդ տարբերակը հետևյալն է։

-Կիսալուծումը։

-Այո, Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների։ Բայց այդպես պետք է լինի՝ Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը դա պետք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ այդ միջանկյալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նույն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանություններ։

-Բայց երկրորդ տարբերակը որևէ կերպ ապագայի համար երաշխիք չէր տալու, քանի որ ադրբեջանցիները կարող էին երբեք չճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ հղում անելով ապագային։

-Այո։ Այդ տարբերակը բացառվում էր, որովհետև այդ դեպքում ադրբեջանցիները երբեք հետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։ Այսինքն՝ այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի և Քարվաճառի՝ Ադրբեջանին վերադարձնելու ժամկետը շատ սերտորեն կապակցված էր ԼՂ անկախության մասին հանրաքվե անցկացնելու հետ։

-Այդ պատճառո՞վ էինք մենք ասում ՝ 5+2, ոչ թե 7։

-Այո։ Այսինքն՝ իմ ասած երկու տարբերակներն էլ ուղղակի բխում էին Մադրիդյան սկզբունքներից, Կազանյան փաստաթղթից։ Եվ պատահական չէ, որ և՛ ՌԴ արտգործնախարարը, և՛ համանախագահները, և՛ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ՌԴ ներկայացուցիչ Պոպովը մշտապես հայտարարել են, ընդհուպ մինչև այս վերջին հայտարարությունը, որ ցանկացած տարբերակ այս թե այն չափով համապատասխանում էր Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքներին։

Տեսանյութեր

Լրահոս