«Նման պայմանավորվածությունների մասին ինձ որևէ բան հայտնի չէ». Դավիթ Բեկի համայնքապետ

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանը վստահեցնում է՝ ինքը տեղյակ չէ, թե Դավիթ Բեկի շուրջ ինչ է կատարվում։

«Թե ինչ փաստաթուղթ է հրապարակվել, ես տեղյակ չեմ, որտե՞ղ է հրապարակվել, ո՞վ է հրապարակել։ Նման պայմանավորվածությունների մասին ինձ որևէ բան հայտնի չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Բենիամին Պողոսյանը։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթ է՝ համացանցում շրջանառվում է մեկ փաստաթուղթ, որը վերաբերում է Սյունիքի մարզի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Գորիս-Դավիթ Բեկ և Գորիս-Կապան ճանապարհահատվածներին։ Այս փաստաթուղթը, բացի այլ օգտատերերից, հրապարակել էր նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Ըստ Հրանտ Բագրատյանի՝ այն 6 կետանոց հուշագիր է: «1. Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում էր՝ ասելով, որ ՀՀ և ԱՀ սահմանները համաձայնեցված են բանավոր։ Ինչպես տեսանք, նոյեմբերի 9-ից բացի, այլ փաստաթուղթ էլ կա։

2. Սահմանները որոշված են GPS-ով, որոնք չեն համապատասխանում իրական սահմանային 1։25000 մասշտաբի քարտեզներին ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև։ Դրանք խախտված են՝ ի վնաս հայկական կողմի։ Սրանից 18 տարի առաջ Ռ.Քոչարյանի և Ա.Մարգարյանի կողմից ՀՀ բյուջեից 42 մլն դոլար է հատկացվել նշված ճանապարհը կառուցելու համար։ Նախագծող կազմակերպությունը և ապա շինարարները ոչ մի տեղ սահմանի խախտում թույլ չեն տվել։ Ասֆալտապատ ճանապարհը կառուցվել է նախկին ճանապարհապաստառի վրա»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հ. Բագրատյանը։

Ըստ Դավիթ Բեկ համայնքի ղեկավարի, քանի որ ինքը տեղյակ չէ նման պայմանավորվածությունների մասին, հետևաբար՝ Հրանտ Բագրատյանը թող մանրամասնի։

«Ես այդ փաստաթուղթը ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ դրա մասին լսել եմ։ Հիմա Դավիթ Բեկում նորմալ վիճակ է, մեր դիրքերն ինչպես կային, այնպես էլ մնացել են։ Այս պահին չեմ կարող ասել՝ մեր ճանապարհներն անվտա՞նգ են, թե՞ վտանգավոր, ամեն դեպքում մեքենաները ճանապարհով գնում-գալիս են»,- եզրափակեց Բենիամին Պողոսյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս