Օգնեք մեզ՝ բացահայտել ճշմարտությունը

Պատերազմի օրերին Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությունը, մեկ բռունցք դարձած, ամեն օր ու ամեն ժամ օգնում էր հայրենիքին՝ Արցախին և Հայաստանին: Օգնության ձեռք էին մեկնել նաև օտարերկրացիները, միջազգային կազմակերպությունները: Այդ օրերին հսկայածավալ օգնություններ են ստացվել՝ թե՛ ֆինանսական աջակցության, թե՛ բժշկական առաջին անհրաժեշտության պարագաների, թե՛ բժշկական սարքավորումների, թե՛ դեղորայքի, թե՛ տաք հագուստի, սննդի, թե՛ զրահաբաճկոնների, սաղավարտների, քնապարկերի, մարտի դաշտում անհրաժեշտ նյութատեխնիկական, այդ թվում՝ սահմանին անհրաժեշտ ջերմատեսիլ նշանառու և այլ սարքավորումների տեսքով: Ստացվել են մեծ խմբաքանակներով՝ աշխարհի բոլոր ծայրերից:

Ցավոք, ուղարկված ոչ բոլոր օգնություններն են տեղ հասել և նպատակին ծառայել: Նույնիսկ պետական որոշ պաշտոնյաներ այս ընթացքում ազատվեցին զբաղեցրած պաշտոններից՝ սփյուռքահայության այդ կապակցությամբ բարձրաձայնած մտահոգությունների արդյունքում: Պատերազմի օրերին մամուլում և սոցցանցերում բազմիցս ահազանգեր են հնչեցվել՝ որպես աջակցություն ուղարկված դեղամիջոցները, զրահաբաճկոնները հասցեատերերին չհասնելու, փոխարենը՝ տարբեր անհատների կողմից վաճառվելու մասին:

Լուսավոր մեր հազարավոր հայորդիներ պատերազմի ընթացքում զոհվել, հաշմանդամ են դարձել բեկորային վիրավորումներից՝ զրահաբաճկոններ,  սաղավարտներ, համապատասխան դեղորայք և առաջին անհրաժեշտության բժշկական պարագաներ և սարքավորումներ չունենալու պատճառով։

Դիմում ենք ողջ հայությանը, միջազգային կազմակերպություններին:

Խնդրում ենք մեզ փաստարկված տեղեկություններ տրամադրել, թե ե՞րբ, ի՞նչ ճանապարհով, ո՞ր հասցեով («Հայաստան» համահայկական հիմնադրամի՞ն, այլ հիմնադրամների՞ն, նախարարությունների՞ն, անհատների՞ն, կազմակերպությունների՞ն, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՞ն) և ինչպիսի՞, ի՞նչ քանակի, ի՞նչ արժողության օգնություն եք ուղարկել (ըստ վերը թվարկված օգնությունների տեսակի):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մարմինները հիմնականում խուսափում են տրամադրել մեզ այդ տեղեկությունները, խնդրում ենք՝ օգնեք մեզ հավաքագրելու այդ տեղեկությունները, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք ձեր օգնությունները նպատակին են ծառայել:

Խնդրում ենք տեղեկություններն ուղարկել [email protected] էլ. հասցեով:

Հարգանքներով՝ Սաթիկ Սեյրանյան

 

Տեսանյութեր

Լրահոս