
Եմենում միլիոնավոր երեխաների սով է սպառնում. ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ 2021 թվականին Եմենում 2.3 միլիոն երեխա սովի մատնված կլինի: 3.4 միլիարդ դոլար արժողությամբ մարդասիրական օգնության ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 1.9 միլիարդի չափով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նոր զեկույցում ասվում է, որ մինչև 5 տարեկան շուրջ 2.3 մլն երեխա, ըստ կանխատեսումների, այս տարի տառապելու է խիստ թերսնուցումից: Ինչպես սպասվում է, նրանցից 400 հազարը տառապելու է ծանր սովից և կարող է մահանալ, եթե չստանա հրատապ բուժում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը:
Զեկույցը համատեղ պատրաստել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՅՈւՆԻՍԵՖ-ը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ԱՀԿ-ն:
Դյուժարիկը նաև նշել է, որ սա կարող է լինել թերսնման ամենաբարձր ցուցանիշը, որը գրանցվել է 2015-ին Եմենում հակամարտության սրացումից ի վեր: