Բաժիններ՝

ՆԳՆ կազմավորմամբ կմիավորվեն Միգրացիոն ծառայությունն ու Անձնագրային և վիզաների վարչությունը

Ներքին գործերի նախարարության կազմավորման արդյունքում կմիավորվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը և Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նոր ձևավորվող մարմինը կոչվելու է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:

«Սա միանշանակ աշխատելու է հօգուտ ոլորտի և գործընթացների՝ ավելի արդյունավետ կազմակերպման, որովհետև այնպես, ինչպես ներկայումս գործում են գերատեսչությունները` կան որոշակի խնդիրներ: Մասնավորապես, ավելի արդյունավետ կկազմակերպվեն ֆունկցիաների բաշխումը տարբեր գերատեսչությունների միջև: Օրինակ` Միգրացիոն ծառայությունն իրականացնում է գործառույթներ, որոնք ավելի տրամաբանական կլիներ, որ իրականացներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և հակառակը՝ անձնագրային վարչությունն ունի գործառույթներ, որոնք, ըստ էության, միգրացիոն կառավարման մի մասն են կազմում, օրինակ` օտարերկրացիներին կացության կարգավիճակների տրամադրումը և առհասարակ օտարերկրացիների հետ աշխատանքը»,- ասաց Դավթյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուի խոսքով` այս պահին Միգրացիոն ծառայությունն օտարերկրացիների հետ աշխատում է միայն ու միայն ապաստանի համակարգի շրջանակներում, մինչդեռ ցանկացած օտարերկրացու մուտք ու ելքը Հայաստանի Հանրապետություն, ըստ էության, միգրացիայի ոլորտ է:

Ըստ Նելլի Դավթյանի` երկու կառույցների միավորման հիմքում դրված են նաև մասնավոր ծառայությունների որակի բարելավման հարցերը:

«Միավորման արդյունքում քաղաքացին ևս զգալու է փոփոխությունները հատկապես սպասարկման ոլորտում և առանցքային խնդիրներից մեկն էլ քաղաքացու սպասարկման բոլորովին նոր մշակույթի ներդրումն է, որի մասին ավելի մանրամասն քիչ ավելի ուշ հայտնի կդառնա հանրությանը»,- նշեց Դավթյանը:

ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն անդրադարձավ ևս մեկ կարևոր բարեփոխմանը` միգրացիոն ոլորտում քաղաքականության մշակմամբ զբաղվող կառույցի ստեղծմանը:

«Այս պահին հանրապետությունում միգրացիոն ոլորտում քաղաքականություն մշակող կառույց գոյություն չունի, որքան էլ աբսուրդային է հնչում: Մեր գերատեսչության անվանումը ծառայություն է, և ենթադրվում է, որ մենք պետք է քաղաքացուն ծառայություն մատուցենք նախօրոք մշակված քաղաքականության շրջանակներում, բայց փաստացի երկար տարիներ ավանդույթի ուժով այդ քաղաքականությունը մշակողն էլ է միգրացիոն ծառայությունը, իրականացնողն էլ՝ իր փոքրիկ աշխատակազմով:

Այժմ արդեն կշտկվի նաև այդ կարևորագույն հարցը: Ներքին գործերի նախարարությունում կլինի վարչություն, որը կզբաղվի քաղաքականության մշակմամբ ու կլինի Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որը կիրականացնի այդ մշակված քաղաքականությունը»,- եզրափակեց Դավթյանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Դրա առանցքային և հիմնական փուլերից է գործադիր իշխանության մարմնի՝ ներքին գործերի նախարարության կազմավորումը և ներկայումս ոստիկանության կողմից իրականացվող մի շարք՝ իրենց բնույթով քաղաքացիական ծառայությունների իրականացումը նախարարության կողմից։ Գործառույթների նման տարանջատումը կհանգեցնի նաև ոստիկանության կողմից կոնկրետ մասնագիտական խնդիրների կատարման վրա շեշտադրմանը։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմավորումը, դրա գործառույթները, ենթակա մարմինները, ինչպես նաև ենթակա մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական բազան սահմանվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթով: Այն լրամշակման փուլում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս