
Սպիտակ տունը հաստատել է Գուանտանամոյի բանտը փակելու ծրագրերը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հաստատել է ամերիկյան ներկայիս վարչակազմի մտադրությունը՝ փակելու Գուանտանամոյի բանտը, սակայն հարցն այս պահին շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչությունների կողմից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դա հստակ մեր նպատակն ու մտադրությունն է: Մենք գտնվում ենք հարցի ուսումնասիրման փուլում, թե ինչպես է դա աշխատելու այլ գերատեսչությունների հետ փոխգործակցության շրջանակում»,- ասել է Պսակին՝ նշելով, որ տարբեր գերատեսչություններ այժմ քննարկում են հարցը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ադմինիստրացիան առաջիկա շաբաթների կամ ամիսներին ընթացքում կստորագրի պաշտոնական փաստաթուղթ Գուանտանամոյի բանտը փակելու մասին:
Գուանտանամոյի հատուկ բանտը գտվնում է Կուբայում՝ համանուն ծոցում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում:
Ռազմածովային ուժերի բազայում հատուկ բանտ ստեղծելու մասին որոշումն ընդունել էր Պենտագոնը՝ Ջորջ Բուշ կրտսերի ադմինիստրացիայի ժամանակ՝ հակաահաբեկչական ծրագրի շրջանակում: