Բաժիններ՝

Կենդանաբանական այգում ցուցասրահ է բացվել. այցելուներն այսուհետև Բունկա փղին կտեսնեն իր երկրորդ տանը

Երևանի կենդանաբանական այգու այցելուներն այսուհետև հնարավորություն կունենան Բունկա փղին տեսնել իր երկրորդ «տանը»:

Ցուցասրահի բացմանն «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանը նշեց, որ այդ ցուցասրահի բացումը պետք է ավելի շուտ տեղի ունենար՝ դեռ անցյալ տարի, սակայն կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված մի փոքր հետաձգվել էր:

«Նման ցուցասրահ ունենալը տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանի մտահղացումներից է: Մեր այցելուների համար այգում առանձնացված է մի հատված, որտեղ ապակու հետևից նրանք կկարողանան շփվել Բունկա փղի հետ: Այցելուները հաճախ դժգոհում էին, որ ամառները շոգ եղանակին, և ձմռանը՝ ցրտին, փիղը դուրս չէր գալիս: Ցուցասրահի սկզբի հատվածում առանձնացված է պատմական անկյուն, որտեղ այն փղերի լուսանկարներն են, որոնք 1940-ականներից բնակվել են Երևանի կենդանաբանական այգում»,- նշեց Ղահրամանյանը:

Նրա խոսքով՝ փղերը 4-ն են եղել, սակայն դրանցից մեկի մասին արխիվային ոչ մի նկար կամ պատմություն չի պահպանվել: Նորաբաց ցուցասրահում մարդիկ կարող են տեսնել Վովա, Գրանտ, Բունկա փղերի լուսանկարները ու նրանց մասին պատմող հետաքրքիր պատմությունները: Դրանից հետո այցելուները կարող են հետևել Բունկա փղի առօրյային, թե ինչպես է նա հանգստանում, ուտում, ջուր խմում:

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, ինչպես նաև քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

Այգու տնօրենի պաշտոնակատարը նրանց ցույց տվեց նորաբաց ցուցասրահը, ինչից հետո նրանք շրջեցին տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս