
Երևանի կենդանաբանական այգու տնօրինությունը 2021-ին հանդես կգա նոր նախաձեռնություններով

Երևանի կենդանաբանական այգին աշխատանքներ է տանում 2021 թվականին նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանը:
«Դեռևս չեմ ցանկանա շատ փակագծեր բացել մեր ապագայում իրականացվելիք ծրագրերի մասին: Երևանցիների և մեր մյուս հյուրերի համար նոր նախաձեռնություն ունենք, քայլեր ենք անելու, որպեսզի այն ավելի գրավիչ դառնա: Միայն մեկ գաղտնիք կարող եմ բացել՝ այժմ աշխատանքներ ենք տանում նոր կենդանի ձեռք բերելու ուղղությամբ»,- նշեց Ղահրամանյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա մեկ տարում կենդանաբանական այգում մարդիկ ականատես կլինեն տարբեր նախաձեռնությունների և նորությունների: Ղահրամանյանը վստահեցրեց, որ 2021 թվականը բեկումնային տարի է լինելու այգու համար: