
Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն 100 տարվա ընթացքում առաջին անգամ 9,9 տոկոսով անկում է ապրել

2020 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատումը կազմել է 9,9 տոկոս, ինչն ամենամեծ անկումն է 1920 թվականից ի վեր: Այդ մասին ասված է այն հաշվետվության մեջ, որը փետրվարի 12-ին տարածել է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրական ծառայությունը (ONS)։
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ դրա պատճառք է դարձել կորոնավիրուսի համավարակը, որը երկու անգամ հանգեցրել է համազգային կարանտինների սահմանման: Հետեւանքը դարձել է տնտեսական ակտիվության կտրուկ անկումը: Ըստ որում դեկտեմբերին, թեեւ երկրում շարունակում էին գործել սահմանափակումները, բրիտանական տնտեսությունը ցուցադրել է 1,2 տոկոս աճ: Դա թույլ է տվել խուսափել 1970-ական թվականներից ի վեր առաջին կրկնական ռեցեսիայից, այսինքն՝ երբ ՀՆԱ-ի կրճատումը տեղի է ունենում երկու անգամ երկու եռամսյակներում անընդմեջ կարճ ժամանակամիջոցից հետո:
Մեծ Բրիտանիան Եվրամիությունից դուրս է եկել 2020 թվականի փետրվարի լույս 1-ի գիշերը: 2021 թվականի հունվարի 1-ին լրացել է Brexit-ի իրականացումից հետո գործած անցումային ժամանակը, որի ընթացքում Միացյալ Թագավորության վրա տարածվում էին բոլոր եվրոպական նորմաները: Տնտեսական եւ գործարար հետազոտությունների կենտրոնի (Centre for Economics & Business Research, CEBR) գնահատումների համաձայն՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց Լոնդոնի տնտեսության վնասը կարող հասնել տարեկան 9,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի (13 միլիարդ դոլարի): Առանձնապես բարդ վիճակում են հայտնվել ծառայությունների ոլորտի ընկերությունները, որոնք Բրիտանիայի ՀՆԱ-ի կառուցվածքում զբաղեցնում են շուրջ 80 տոկոսը: Այդ բնագավառում արտահանական հասույթի կեսն ապահովում են Լոնդոնի ընկերությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: