Բաժիններ՝

Գերմանական ընկերությունները բանակցություններ են վարում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ

Գերմանիայում ընկերությունները բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ. մինչեւ ԵՄ-ում դրա կիրառմանը հավանություն տալը այն կարող է մատակարարվել երրորդ երկրներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեի գործադիր տնօրեն Միխայել Հարմսը:

Նա հիշեցրել է, որ The Lancet հեղինակավոր գիտական հրատարակության տվյալներով՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը 91,6 տոկոս արդյունավետություն է արձանագրել: ԳԴՀ-ի կանցլերը եւ առողջապահության նախարարը հետաքրքրություն են ցուցաբերել ռուսաստանյան պատվաստանյութի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ Գերմանիայում, եթե այն հավանության արժանանա ԵՄ-ի համապատասխան գերատեսչության՝ EMA-ի (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն) կողմից: Կարող եմ ասել, որ գերմանական ընկերությունների հետ արդեն շատ ինտենսիվ բանակցություններ են վարվում «Սպուտնիկ V»-ի արտադրության շուրջ, եւ Արեւելյան կոմիտեն կոնկրետ գործի է դրվել դրանում: Մենք սերտ շփման մեջ ենք գտնվում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ»,-ասել է Հարմսը:

Նա հաստատել է, որ խոսքը Գերմանիայում «Սպուտնիկ V»-ի արտադրության մասին է երրորդ երկրների համար այնքան ժամանակ, քանի դեռ պատվաստանյութը տեխնիկապես չի գրանցվել ԵՄ-ում:

ՌՈւՆՀ-ն «Սպուտնիկ V» պատվաստանյութի գրանցման հայտը EMA-ին ներկայացրել է հունվարի 29-ին, եւ առկա է այն բանի հաստատումը, որ հայտն ընդունված է: Հայտին հավանություն տալու արագությունը որոշվում է կարգավորիչի կողմից, ճշտել են ՌՈւՆՀ-ում: Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեն բիզնես-ասոցիացիա է, որը միավորում է գերմանական այն ընկերություններն ու ֆիրմաները, որոնք աշխատում են Արեւելյան Եվրոպայում եւ հետխորհրդային տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս