Առայժմ այդ կարգի որևէ որոշում չկա. ԿԳՄՍ խոսնակը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ու Մանկավարժական համալսարանը միավորելու լուրերի մասին
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մի խումբ ուսանողներ փետրվարի 11-ին ինստիտուտի դիմաց նստացույց էին անում: Ըստ նրանց, «օդում կախված» մի լուր կա, որ իրենց բուհը միավորվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Նրանք կարծում են, որ դա տեղի է ունենալու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ընդունվելու դեպքում։
Հիշեցնենք, որ ձայների 77 կողմ, 35 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովը փետրվարի 11-ին ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ: Նախաձեռնության գլխավոր նպատակը կրթության և գիտության համակարգում կառավարման արդյունավետության բարձրացումն է:
168.am-ը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի մամլո խոսնակ Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա մտադրություն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միավորել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին, վերջինը պատասխանեց. «Հիմա կոնկրետ որևէ բան չկա: Մի բաժակ ջրում ուղղակի փոթորիկ են անում: Առայժմ այդ կարգի որևէ որոշում չկա»:
Այդուհանդերձ, հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը երկու օր առաջ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին պատասխանելիս հայտարարեց, որ «Հայաստանում ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական բուհերը թվաքանակով անբնական շատ են, մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհը ճոխություն է»: