Իշխանությունն այդ հարցումը որտե՞ղ է արել՝ Միլլի մեջլիսո՞ւմ, թե՞ «Իմ քայլի» ներսում. Իշխան Սաղաթելյան

«Որևէ տարաձայնություն չկա, շարժումը վերահաստատել է իր ճանապարհային քարտեզը, օրակարգը. մենք ամբողջ թափով և հունով գնում ենք առաջ, և փետրվարի 20-ին լինելու է մեր գլխավոր հանրահավաքը»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին, թե ինչու այսօր Վազգեն Մանուկյանն առանձնացավ, արդյո՞ք նա առանձին է գործում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.

«Պարոն Մանուկյանն առանձին չի գործում. շատ հստակ մեկնաբանեց՝ ինչի՞ համար: Կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, շտապ հավաք արեցինք՝ քաղաքացիների հետ բաց զրույց, որը, կարծում եմ, ևս մեկ շատ հաջողված՝  հանրահավաքին ընդառաջ միջոցառում էր: Այսինքն՝ մի փորձեք ամեն տեղ ինչ-որ մի բան գտնել. չկա՛, ժողովո՛ւրդ, չկա՛»:

Անդրադառնալով իշխանությունների այն պնդմանը, թե արտահերթ ընտրությունների հանրային լայն պահանջ չկա, նա նշեց.

«Իսկ ինձ հետաքրքիր է՝ իշխանությունն այդ հարցումը որտե՞ղ է արել՝ իրենց խմբակցության ներսո՞ւմ, թե՞ Ադրբեջանի Միլի մեջլիսում:

Եթե իշխանությանը թվում է, որ կարող է մեր հայրենիքի մի կարևոր մասը զիջել, ունենանք 5000-ից ավելի զոհ, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, 10․000-ից ավելի հաշմանդամներ, ու այդ իշխանությունը բարոյական, քաղաքական իրավունք ունի շարունակել իշխել մեր ժողովրդին, ինքը չարաչար սխալվում է:

Երբ ինքը ասում է՝ չկա հասարակական պահանջ՝ դրանով վիրավորում է մեր ժողովրդին և մեր հասարակությանը:

Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի»:

Արդյո՞ք նոր, վճռական գործողություններ կլինեն Հայրենիքի փրկության շարժման կողմից՝ հարցին էլ շարժման անդամը պատասխանեց.

«Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց մենք ասել ենք՝ այս իշխանության հեռացման ճանապարհը համաժողովրդական հանրային ճնշման միջոցով է տեղի ունենալու. մենք հասնելու ենք դրան,  որևէ մեկը թող չկասկածի»:

Տեսանյութեր

Լրահոս