
Մոսկվան պատրաստ է Եվրամիության հետ հարաբերությունների խզման. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների խզման, եթե այն տեղի ունենա Եվրամիության նախաձեռնությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում։ «Մենք պատրաստ ենք հարաբերությունների խզման, եթե այն տեղի ունենա ԵՄ-ի նախաձեռնությամբ»,-պարզաբանել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Մեր հերթին ԵՄ-ականներին համառորեն կոչ ենք անում՝ համագործակցել իրավահավասար եւ փոխադարձ հարգման սկզբունքներով, ինչի մասին էլ ասել է (ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար) Սերգեյ Լավրովը»,-հավելել են ՌԴ ԱԳՆում: Ինչպես ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հարաբերությունների խզման պատրաստակամությունը «հաստատ մեր (Ռուսաստանի) ընտրությունը չէ»: «Մեր օրակարգը փոխգործակցությունն ու համագործակցությունն է: Ռուսական կողմը քանիցս բոլոր մակարդակներով Եվրամիության գործընկերների հետ համագործակցության եւ փոխգործակցության կոչ է արել: Մենք քանիցս տարբեր փաստարկներ ենք ներկայացրել հօգուտ այդ փոխգործակցության, որը կարող էր զարգանալ թե՛ համաշխարհային խնդիրների լուծման շուրջ ԵՄ-ի հետ միավորվելով, թե՛ Եվրամիության անդամների հետ երկկողմ հիման վրա: Բայց, ցավոք, մենք շատ ագրեսիվ հռետորաբանություն ենք լսում»,-ասել է Զախարովան՝ հանդես գալով «Առաջին ալիքի» եթերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: