«Սյունիքի պատերազմն է գնում, և Նժդեհը Սյունիքի սիմվոլն է». Վազգեն Մանուկյան
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում «Արթնացի՛ր, ժողովուրդ, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ փետրվարի 20-ին «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակելու է զանգվածային միջոցառումները։
«Շարժման օրակարգը նույնն է մնացել, որևէ փոփոխություն չկա՝ ազատվել դավաճան Նիկոլ Փաշինյանից, ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը հրատապ կլուծի որոշակի հարցեր և կստեղծի պայմաններ, որպեսզի արդար ընտրությունների միջոցով ժողովորդն ընտրի իր նոր իշխանությանը։ Այս իշխանությունն արդեն չկա»,- դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ երկու օր առաջ տեղի է ունեցել մի դեպք, որն իրեն ստիպել է մինչև փետրվարի 20-ը հավաքել ժողովրդին՝ միասին խոսելու համար։
«Պատահաբար պարզվեց, որ, բացի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, կա նաև գաղտնի ստորագրված մի փաստաթուղթ՝ 6 կետանոց, այսինքն՝ ևս մեկ դավաճանական փաստաթուղթ։
Գիտե՞ք՝ զարմանալին որն է, պատերազմն ավարտվեց նոյեմբերի 9-ի պայմանագրով, բայց այս 6 կետերով գնում են առաջ, այսինքն՝ մեր զորքերը Զանգելանից հետ շարժվեցին դեպի Սյունիք, Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդից ուներ գաղտնի պայմանավորվածություն։
Ավելին՝ երեկ հայտարարություն տարածվեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող գնալ Սյունիք և պարզաբանեն իրավիճակը։ Ինչպես 44 օրերի ընթացքում մեզ խաբելով տարան պարտության, այդ օրերին մենք մտածում էինք, որ հաղթելու ենք, բայց 44-րդ օրը պարզվեց, որ խայտառակ պարտվել ենք, նույնը հիմա է կատարվում Սյունիքում։ Սա ցույց է տալիս, որ դեռ այդ 6 կետով չեն բավարարվելու, որ կրկին պայմանավորվածություններ կան»,- հավելեց Վազգեն Մանուկյանը։
Ըստ նրա՝ հայ ժողովուրդն այս ընթացքում այնքան հարվածներ ստացավ, որ կարծես թե նրա կամքը ջարդվեց, և համակերպվել է ամեն ինչի հետ։
Նա կոչ արեց ժողովրդին արթնանալ, քանի որ հայրենիքը մինչև վերջ կործանում են։
«Նման բան մեր պատմության մեջ չի եղել, իհարկե, մենք պատերազմներում պարտվել ենք, հաղթել ենք, երկիր ենք կորցրել, բայց այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարը՝ առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևում ծախի պետությունը՝ նման բան մինչև հիմա չէինք տեսել։ Ադրբեջանցիներն այսօր այնքան «վերխ» ունեն մեզ վրա, որ որոշում են Կապանը Կաֆան գրել՝ իրենց ուզած ձևով, ու մերոնք փաստաթուղթն այդպես են գրում։ Հիմա էլ ուզում են Նժդեհի արձանը հանել Արցախից․ նա այն մարդն էր, որը պահեց Սյունիքը, դրա համար են ուզում հանել արձանը։ Սյունիքի պատերազմն է գնում, և Նժդեհը Սյունիքի սիմվոլն է»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում