«Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հրաժարվի, նախ՝ վախենում է, թե ինչ պատասխան է տալու, հետո էլ՝ չտես մարդիկ եկել են իշխանության ու վայելում են». Վազգեն Մանուկյան

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Ազատության հրապարակում «Արթնացի՛ր, ժողովուրդ, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը» հանրահավաքի ժամանակ նշեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը նախատեսված է փետրվարի 20-ին, այսօր պարզապես ժողովրդին հրավիրել է, որպեսզի նրանց հետ հարցեր քննարկի։

«50 հոգի կլինի, թե 5000՝ ինձ համար նշանակություն չունի, բայց հանրահավաքը լինելու է փետրվարի 20-ին, և հավաստիացնում եմ ձեզ, որ մեծ հանրահավաք կլինի։ Սա շարժման հետ կապ չունի, իմ անձնական նախաձեռնությունն է։ Շարժման հավաքի ժամանակ՝ փետրվարի 20-ին, կքննարկենք մեր անելիքները, բայց հրատապ իրավիճակ եղավ, ինչը մենք չէինք հասկանում ամիսների ընթացքում, թե ինչ է կատարվում Սյունիքում։ Երբեմն բացատրում էինք, որ իշխանությունները պարալիզացված է, և այդ պատճառով են նման դեպքեր տեղի ունենում, պարզվում է՝ մեր մեջքի հետևում մի նոր կապիտուլյացիոն պայմանագիր էլ է կնքված։ Դրան գումարվեց նաև այն, որ լրագրողներին թույլ չեն տալիս իրադարձությունները լուսաբանել Սյունիքում։ Սա կասկած է առաջացնում, որ բացի այդ վեց կետից, կարող է՝ էլի բաներ կան։ Այսինքն՝ իրադարձություններ են տեղի ունենում, որոնց մասին մենք տեղյակ չենք, մեր հայրենիքն իր ճանապարհը շարունակում է դեպի կործանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին, Վազգեն Մանուկյանը նշեց, որ նախ՝ ընդդիմությունը չէր նշանակել արտահերթ ընտրություններ․ ընդդիմությունը հայտարարել էր, որ արտահերթ ընտրությունների կգնան միայն Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։

«Ինքը ուզեց նախաձեռնություն ցուցաբերել և հայտարարեց, մենք առանձնապես մեծ բանի տեղ դա չդրեցինք, որովհետև դա խորամանկություն է՝ ասելու է, բայց չի անելու, ինքն էլ իր ասածից հետ նահանջեց։ Սակայն դրանից մեր նախագծերը չփոխվեցին, մնացին նույնը՝ համաժողովրդական շարժումով իրեն փոխել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցությանը արտահերթ ընտրություններին, Վազգեն Մանուկյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի օրոք արտահերթ ընտրություններ չեն լինելու։

Նա նաև հիշեցրեց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը գնա, և ձևավորվի ժամանակավոր իշխանություն, և ինքը դառնա վարչապետ, դրանից հետո ընտրություններին չի մասնակցի։

Հարցին՝ եթե ընտրությունները կայանան 2023 թվականին, այդ ժամանա՞կ էլ չի մասնակցի ընտրություններին, Վազգեն Մանուկյանը պատասխանեց.

«2023 թվականը, գիտեք՝ ինչքան հեռու է, Աստված գիտի՝ մինչև այդ Հայաստանը կլինի՞, թե՞ ոչ»։

Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար պետք է համաժողովրդական շարժում լինի։

«Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հրաժարվի մի քանի պատճառով, նախ՝ վախենում է, թե հետո ինչ պատասխան է տալու, հետո էլ՝ չտես մարդիկ եկել են իշխանության և վայելում են։ Այդ դեպքում պետք է կոտրել ու փչացնել իր հենարանները»,- ընդգծեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս