Բաժիններ՝

Հայաստանում դատապարտում են Հոլոքոստի հուշարձանի պղծումը. հրեական համայնքի ներկայացուցիչը միջադեպում տեսնում է արտաքին հետք

Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակները համարում են վանդալիզմի դրսևորում և դատապարտում խստագույնս. կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Քաղաքային իշխանությունները հուշարձանի մաքրման աշխատանքը ստանձնել են վաղ առավոտից, իրավապահները լծվել են հանգամանքների բացահայտման գործին:

«Ապրել- չմոռանալ» խորհրդանշական գրությամբ հուշարձանը պղծելու դեպքը խստորեն դատապարտել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ վանդալիզմի այս դրսևորումը պետք է արժանան պատշաճ քննության: «Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը»,- նշել է Սիմոնյանը: ԱԺ փոխխոսնակը հավելել է, որ նման արատավոր երևույթները զուրկ են բարոյական հիմքերից և տեղ չունեն ցեղասպանություն վերապրած և այդ հանցագործության դեմ պայքարի ջատագով հասարակության մեջ:

Երևանի քաղաքային իշխանությունն արդեն քայլեր է ձեռնարկում հուշարձանի մաքրման ուղղությամբ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները արագ և համարժեք արձագանք կտան հուշարձանի պղծման դեպքին:

«Որևէ հուշարձանի նկատմամբ նման ոտնձգությունը միանգամայն անընդունելի և դատապարտելի արարք է, որը պետք է բացառել մեր քաղաքից: Երևանում տարբեր ազգությունների ներկայացուցիչներ հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի՝ իրենց ազգային պատկանելության հետ միասին հպարտությամբ կրելով նաև երևանցի լինելու պատվավոր կոչումը, և որևէ մոտիվ չի կարող խաթարել այդ համերաշխությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարությանը:

Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչ Վիլյամ Վայները հուշարձանի պղծման մեջ արտաքին հետք է տեսնում և համոզված է, որ դա հայի ձեռքի գործ չէ: «Շատ եմ ցավում, որպես Հայաստանի քաղաքացի, որպես բնիկ երևանցի, որ նման բաներ են մեզ մոտ տեղի ունենում: Չեմ հասկանում, չեմ ուզում հասկանալ, սա այն երկիրն է, որտեղ երբևէ նման բան չի եղել, ու ես չեմ կարող հասկանալ, թե ում գծագրով է այս ամենը տեղի ունենում: Ինձ համար դա անընդունելի է: Ես համոզված եմ, որ դա հայի ձեռքի գործը չէ: Ես համոզված եմ, որ դա դրսից է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վիլյամ Վայները:

Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս դատապարտում է վանդալիզմ այդ արարքը: «Սա վանդալիզմ է: Անկախ այն հանգամանքից, թե արցախյան վերջին պատերազմում Իսրայելի կողմից Ադրբեջանին վաճառված զենքերի և Ադրբեջանին ակնհայտ ռազմական և քաղաքական օժանդակության հարցում ինչպիսի վերաբերմունք ունենք (իսկ այդ վերաբերմունքը միանշանակ նեգատիվ է), չի կարելի պղծել Հոլոքոստի հուշակոթողը: Մենք հրապարակային հայտնում ենք մեր անհամաձայնությունը Իսրայելի վարած քաղաքականությանը, բայց պղծել զոհերի հիշատակը` վանդալիզմ է, և, կարծում եմ, մեզ հարիր չէ: Ես դատապարտում եմ Իսրայելի ռազմական աջակցությունը Ադրբեջանին և Իսրայելի արտաքին գերատեսչությունների հայտարարությունները, որոնք սատարում են թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիան, բայց իմ գլուխն եմ խոնարհում Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի առջև»,- նշեց Զոհրաբյանը:

Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա և հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծման փաստն արձանագրվել է փետրվարի 12-ի առավոտյան: «Ապրել- չմոռանալ» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում. դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Իրականացվել է դեպքի վայրի զննություն: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս