Բաժիններ՝

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը վիճարկում է վարչապետի պաշտոնի թեկնածության առաջադրման նախագահի հրամանագիրը

Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը (ՄՀՍԿ) Սահմանադրական դատարանում (ՍԴ) վիճարկում է վարչապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու վերաբերյալ նախագահ Մայա Սանդուի հրամանագիրը՝ խորհրդարանական մեծամասնության որոշմանը հակառակ: Այդ մասին փետրվարի 11-ին հաղորդել է ՄՀՍԿ-ի մամուլի ծառայությունը:

Մայա Սանդուն կրկնակի առաջադրել է վարչապետի թեկնածուին եւ աջակցության ոչ մի ձայն չի ստացել: Սոցիալիստները կարծում են, որ վարչապետի պաշտոնի թեկնածուի առաջադրման վերաբերյալ նախագահի հրամանագիրը «լրջորեն խախտում է Սահմանադրությունը եւ Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը, որը նախագահին պարտավորեցնում է առաջադրել ձեւավորված խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված թեկնածուին»: Սոցիալիստները հայտնել են, որ արդեն փետրվարի 12-ին Սահմանադրական դատարան կդիմեն «բռնատիրական հրամանագրի առիթով»:

Նրանք խնդրել են խորհրդարանի ղեկավարությանը՝ նիստ չգումարել նշանակված վարչապետին լսելու համար: Փետրվարի 11-ի երեկոյան Մայա Սանդուն վարչապետի պաշտոնի համար կրկնակի առաջադրել է Նատալյա Գավրիլիցայի թեկնածությունը: Նա հայտարարել է, որ չի կարող համաձայնել փետրվարի 11-ին ձեւավորված Սոցիալիստական կուսակցության եւ «Շոր» կուսակցության խորհրդարանական մեծամասնության կարծիքին, որոնք նախագահին առաջարկել են վարչապետի պաշտոնում առաջադրել ֆինանսների նախկին նախարար Մարիաննա Դուռլեշտյանուի թեկնածությունը:

Օրենսդրության համաձայն, պետության ղեկավարը պարտավոր է վարչապետի թեկնածու առաջադրել այն դեպքում, եթե նրան պաշտոնապես առաջադրում է ձեւավորված խորհրդարանական մեծամասնությունը՝ 51-ից ոչ պակաս պատգամավորով: Սակայն Սահմանադրության մեջ նախագահի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսված չեն խորհրդարանական մեծամասնության դիրքորոշման հետ նրա չհամաձայնվելու դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս