ԱՄՆ սենատորները հորդորել են Բայդենին դատապարտել Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները
Միացյալ Նահանգների 54 սենատորներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին՝ մտահոգություն հայտնելով Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումների փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է Massis Post-ը, նամակում անդրադարձ է կատարվել Թուրքիայում դեպի ավտորիտարիզմ տանող վերջին միտումներին, մասնավորապես այն լրագրողների ձերբակալությունների փաստին, որոնք ընդդիմախոսում են կառավարությանն ու Հայաստանում և Սիրիայում թուրքական ռազմական ներգրավվածությանը:
Դեմոկրատ և Հանրապետական սենատորների նամակում նշվում է, որ 2016 թվականին Թուրքիայում ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանը ճնշումներ է իրականացնում ընդդիմության վրա, մասնավորապես, սիստեմատիկորեն լռեցնելով մեդիան, անկախ դատավորներին հեռացնելով և նրանց փոխարեն կուսակցությանը հավատարիմ անձանց նշանակելով, լրագրողներին բանտարկելով:
Սենատորները հատուկ անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերջերս սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությանը: «Այս պատերազմը միայն մի մասն է տարածաշրջանում Թուրքիայի ավելի լայն աշխարհաքաղաքական նպատակների: Թուրքիան և Ադրբեջանը մոտ դաշնակիցներ են՝ շնորհիվ ընդհանուր էթնիկ պատմության՝ որպես թյուրք-իսլամական ժողովուրդներ: Հայաստանը՝ աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովուրդը, գտնվում է անմիջապես Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ խանգարելով թյուրքական ազգերի միավորումը»,- գրում է Massis Post-ը:
Սենատորները հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանան ի վերջո վերջ տալ Թուրքիայում մարդու իրավունքների խախտումներին: