Բաժիններ՝

3 ճանապարհային ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ գործն ուղարկվել է դատարան

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է երեք ճանապարհային ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունը գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մանրամասները:

«Հաշվի առնելով ճանապարհային ոստիկանների կողմից 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցադրումները, ինչպես նաև հիշյալ դեպքի վերաբերյալ հատկապես վերջին օրերին մամուլում շրջանառվող տեսանյութն ու դրա մասին երբեմն թյուրընկալումների տեղիք տվող հրապարակումները, հարկ ենք համարում առավել մանրամասն ներկայացնել հիշյալ քրեական գործի հանգամանքերը:

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` քրեական գործի նյութերին կցված տեսանյութերի զննությամբ և դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է, որ քաղաքացիների նկատմամբ դիտավորությամբ բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության երեք տեսուչներ` Սարգիս Մնացականյանը, Սահակ Խաչատրյանը և Սեյրան Սարգսյանը, ովքեր ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել Արթուր Մեսրոպյանին ու Տիգրան Մեսրոպյանին:

Մասնավորապես, ՃՈ տեսուչներ Սարգիս Մնացականյանն ու Սահակ Խաչատրյանը 2020 թվականի օգոստոսի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են արգելված վայրում կայանված` Արթուր Մեսրոպյանին պատկանող ավտոմեքենան, որից հետո այն տեղափոխվել է «ՃՈ» ծառայության պահպանվող հատուկ տարածք: Նույն օրը՝ ժամը 22:20-ին, Արթուր Մեսրոպյանն իր ազգականի` Տիգրան Մեսրոպյանի հետ այցելել է Երևան քաղաքի Թաիրովի փողոցի 14-րդ հասցեում գտնվող՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակ, որտեղ պարզաբանումներ է պահանջել տեսուչներ Սարգիս Մնացականյանից և Սահակ Խաչատրյանից` ավտոմեքենան հիշյալ տարածք տեղափոխելու պատճառների վերաբերյալ և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանների հասցեին: Սարգիս Մնացականյանը և Սահակ Խաչատրյանը Արթուր Մեսրոպյանի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար վերջինիս օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն` դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, բռնություն են գործադրել նրա նկատմամբ` ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արթուր Մեսրոպյանի մարմնի տարբեր մասերին, պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում Տիգրան Մեսրոպյանը փորձել է միջամտել, սակայն Սարգիս Մնացականյանը իր մեկ այլ գործընկերոջ՝ ՃՈ տեսուչ Սեյրան Սարգսյանի հետ բռնություն է գործադրել նաև Տիգրան Մեսրոպյանի նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ճանապարհային ոստիկանության երեք տեսուչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչի որոշմամբ նրանց պաշտոնավարումը դադարեցվել է:

Ճանապարհային ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին: Վերջինիս կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործն ուղարկվել դատարան»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս