Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին. Էլինար Վարդանյան
Հայաստանի անկախությունից ի վեր Դուք էական դերակատարում եք ունեցել մեր երկրում ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և արժանապատվության հարգման և պաշտպանության, միջազգային հանրության կողմից ճանաչված սկզբունքների և արժեքային համակարգի ներդրման, ժողովրդավարական ինստիտուտների ներդրման և կայացման ուղղությամբ։
Այս նպատակների համար օգտագործվել են ամենատարբեր եղանակներն ու միջոցները՝ խորհրդատվությունից և խրախուսումից մինչև քաղաքական ճնշումներ։ Գործադրված ջանքերն իսկապես գնահատելի արդյունք են ունեցել, մեծ դերակատակում են ունեցել մեր երկրում քաղաքական ճգնաժամերի հաղթահարման և օրինականության հաստատման հարցում։
Երկուսուկես տարի է, սակայն, մեր հասարակությունն ականատես է Ձեր անտարբերությանը, քար լռությանը, երբ խարխլվում են հենց Ձեր աջակցությամբ կայացած ինստիտուտներն ու կառույցները, ոտնահարվում են Ձեր ջանքերով և աջակցությամբ ձևավորված արժեքները։ Պատճառների մասին կարելի է միայն ենթադրություններ անել։
Ռազմական դրություն
Հայաստանում արդեն չորսուկես ամիս է, ինչ հայտարարված է ռազմական դրություն։ Պատերազմն ավարտվել է, ռազմական դրությունը՝ ոչ։ Վերջին երեք ամսում ռազմական դրությունը պահպանելը չի տեղավորվում որևէ տրամաբանության մեջ։ Վերացվել են ռազմական դրության բոլոր սահմանափակումները, այդ թվում՝միջոցառումների՝ հավաքների, խոսքի ազատության, ազատ տեղաշարժման, իսկ ռազմական դրության իրավական կարգավիճակը պահպանվել է։ Որևէ կառույցիկողմից այսիրավիճակին արձագանք չկա։Թերևս պատահական չէ ՀՀԱրդարադատության նախարարի հայտարարությունն այն մասին, որ «ռազմական դրությունն ինքնանպատակ չէ և կվերացվի, երբ կվերանան ռազմական դրությունը պահպանելու հիմքերը»։ Թե որոնք են այդ հիմքերը, թերևս գիտեն միայն նախարարն ու իր վերադասը։
Ռազմական դրության պահպանման իրական պատճառը բոլորդ, վստահաբար, լավ գիտեք։ Ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել՝ անկախ վերջինիս գործողությունների կամ անգործության բնույթից և վտանգավորության աստիճանից:
Այլ էր մոտեցումը 2008թ. արտակարգ դրության ժամանակ։ Որոշ գաղտնազերծված տվյալներից արդեն հանրությանը հայտնի է դարձել այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի՝ ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված նամակի մասին, որտեղ նանշում է, թե ԱՄՆ նախագահի շնորհավորանքը չպետք է տեղի ունենա, քանի դեռ հաստատված է արտակարգ դրություն։ Առաջարկում է չշնորհավորել նախագահին՝ մինչև արտակարգ դրության վերացումը կամ երդմնակալությունը՝ կախված այն բանից, թե որն ավելի շուտ տեղի կունենա։ Առաջարկում է, որ շնորհավորական ուղերձում նաև լինի կետ՝ հանրային համերաշխության վերականգնման անհրաժեշտության մասին։
Ո՞ւր են այսօր ռազմական դրությունը հանելու և հանրային համերաշխությանն ուղղված կոչերը։ Ինչո՞ւ են լռում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչերը և միջազգային կառույցները։
Ճնշումներ դատաիրավական համակարգի նկատմամբ
Երկուսուկես տարի շարունակ դատաիրավական բարեփոխումների անվան տակ տեղի են ունենում ուղղակի և անուղղակի ճնշումներ՝ դատարանների և առանձին դատավորների նկատմամբ, իսկ իրավապահ համակարգը վերածվել է վարչապետի կամակորությունները կատարող կառույցի։ Տպավորություն է, թե մեր երկրում նախկինում օրինականության հաստատման համար գործուն քայլեր ձեռնարկող դիվանագիտական և միջազգային կառույցները դա չեն տեսնում։
Չէիք տեսնում, թե ինչպես են շրջափակվում դատարանները, չէիք տեսնում՝ ինչպես են ճնշումներ գործադրվում և իշխանության հրահանգները չկատարելու համար ապօրինի կարգապահական և քրեական վարույթներ հարուցվում դատավորների նկատմամբ, չէիք տեսնում՝ ինչպես է ձևավորվում կամակատար դատավորների համակարգ, ինչպես են հակասահմանադրական ճանապարհով ազատվում ՍԴ ոչ ցանկալի դատավորներից և համալրում իրենց համար ընդունելիներով։ Կարծես թե այս ամենն այլ երկրում էր տեղի ունենում։
Մարտի 1-ի գործ
2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին միջազգային կառույցներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման, ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։
2008-2010թթ.-ին, ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրվել ՀՀ իշխանությունների վրա՝ նախ և առաջ մարտի 1-ի քրեական գործերով։ Միջազգային հանրությանը խիստ մտահոգել են այդ դատավարությունները՝ կասկածի տակ դնելով դրանց արդար և վստահելի քննությունը, «կասկածելի քաղաքական մեղադրանքներով» ձերբակալությունները։
Արդյունավե՞տ էր, արդյոք, այդ մոտեցումը։Թերևս՝ այո։ ԱՄՆ և ԵՄ դիվանագետները հսկայական ջանքեր են գործադրել իշխանության և ընդդիմության երկխոսության, մարտիմեկյան իրադարձություններից հետո երկրում ձևավորված խիստ լարված մթնոլորտի լիցքաթափման, քաղաքացիական հասարակության կայացման համար։ Դա բացառիկ ազդեցություն է ունեցել անցումային ժողովրդավարություն ունեցող մեր երկրում ճգնաժամի հաղթահարման համար։
Օտարերկյա դիվանագետները զգալի ջանքեր են գործադրել հատկապես հայտնի «Յոթի գործով» և այլ քրեական գործերով ձերբակալված ընդդիմադիր գործիչներին ազատ արձակելու նպատակով։ Այս գործերի շրջանակներում հատկապես ամերիկյան ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է եղել Հայաստանում լրացնել մի շարք օրենսդրական բացեր։ Խոսքը ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ, 300-րդ և 333-րդ հոդվածների մասին էր, որոնց հետ կապված ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ներկայացնում էին իրենց մտահոգությունները՝ մասնավորապես նշելով, որ դրանք մտահոգիչ կերպով անորոշ են և չպետք է օգտագործվեն լեգիտիմ քաղաքական խոսքը սահմանափակելու նպատակով։
Ամերիկյան և եվրոպական կառույցների ազդեցությունն ի վերջո հանգեցրեց օրենսդրական փոփոխության, մասնավորապես՝ ԵԽ մասնագետների աջակցությամբ փոփոխվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ և 300-րդ հոդվածները։
Փաստելով, որ օտարերկրյա դիվանագետների և պաշտոնյաների գործողությունները 2008-2010թթ. իսկապես նպաստել է դատավարությունների օրինականությանը, բանտարկյալների ազատ արձակմանը, քրեական օրենսգրքի հոդվածների փոփոխությանը և վերանայմանը, երկրում ավելի համերաշխ մթնոլորտի հաստատմանը, չենք կարող չարձանագրել այսօրվա անհասկանալի լռությունը։
Երկուսուկես տարի Դուք աչք փակեցիք ՀՔԾ-ի և դատախազության ամենաթողության, մարտի 1-ի քրեական գործի քննության ընթացքում տեղի ունեցող տարատեսակ խախտումների, քրեական գործերի՝ակնհայտ քաղաքական ուղղվածության, մեղադրանքի հիմքում դրվող քրեական օրենսգրքի՝ նույնքան վիճահարույց և անորոշ հոդվածների, քրեական և դատական գործերին իշխանությունների ուղիղ միջամտության, ակնհայտ քաղաքական հետապնդումների վրա։ Թե ինչու՞, այդ հարցի հիմնավոր պատասխանը մենք չունենք։
Եվ եթե նախկինում Ձեր ակտիվ վարքագիծն արդարացիորեն պայմանավորված էր Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն աջակցելու մտադրությամբ, ապա այդ նույն տրամաբանությամբ Դուք այսօր էլ պետք է ոչ միայն լուռ հետևեիք ընթացող գործընթացներին, այլև փորձեիք նպաստել օրինականության և հանրային համերաշխության վերականգնմանը։ Ձեր լռությունն անհասկանալի է։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
2012-2017թթ. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ